Մատչելիության հղումներ

Ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե 


Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյան
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյան

Կառավարությունը ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի նոր՝ միասնական մարմնի ստեղծմանը, որը պետք է կենտրոնանա միայն կոռուպցիոն հանցագործությունների քննման ուղղությամբ և որն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։ 

Գործադիրի երեկվա նիստում հավանության արժանացավ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի և մի շարք այլ օրենքներում փոփոխություն ու լրացում կատարելու նախագիծը, այն ուղարկվեց Ազգային ժողովի վավերացմանը։ Արդյունքում պետք է ստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտեն։

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե սպասվում է, որ կոմիտեն կսկսի գործել գալիք տարվա երկրորդ կեսին՝ հաշվի առնելով, որ դեռ պետք է ձևավորվեն մրցութային հանձնաժողովներ, որոնք ընտրելու են կոմիտեում աշխատանքի անցնել ցանկացող անձանց, բացի այդ, կոմիտեի բոլոր աշխատակիցները անցնելու են բարեվարքության ստուգում։

«Չորս քննչական մարմին կոռուպցիոն հանցագործություններ է քննում, և ևս երեք-չորս մարմին իրականացնում է կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Դա բազմիցս միջազգային կազմակերպությունների կողմից որպես արդյունավետությանը խոչընդոտող հանգամանք է դիտվել, որովհետև մի քանի մարմինների կողմից դրա իրականացումը նախ մասնագիտացման առումով խնդիր է, որովհետև եթե դու զբաղվում ես միանգամից մի քանի գործառույթներով, դու չես կարող մասնագիտական կոռուպցիոն հանցագործություններով։ Ինչքան էլ, իհարկե, առանձին ստորաբաժանումներ կան էդ մարմիններում, բայց, մյուս կողմից էլ, մենք ունենք համակարգվածության խնդիր», - ասաց Գալստյանը։

Նա հիշեցրեց՝ 2019-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ է որոշվել, որ պետք է ստեղծվի հակակառուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում և Պետակամուտների կոմիտեում պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները և փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին։

Սակայն այդ մարդիկ նույնպես պետք է ստանան մրցութային հանձնաժողովների հավանությունը, անցնեն բարեվարքության ստուգում, և միայն դրական արդյունքի դեպքում կարող են նշանակում ստանալ կոմիտեում․ - «Ղեկավարությունը նույնպես, առաջին անգամ քննչական մարմինների դեպքում, մրցութային կարգով է նշանակվելու։ Այսինքն՝ բազմաշահառու մրցութային խորհուրդ է ձևավորվելու, որում ներառվելու են նաև հասարակական կազմակերպություններ, ու նաև առաջին կազմը ներառելու է խորհրդակցական ձայնով միջազգային կազմակերպությունների երեք ներկայացուցիչներ։ Եվ այդ բազմաշահառու մրցութային խորհուրդը կազմելու է երկու հաղթող թեկնածու, ներկայացնելու է վարչապետին, վարչապետը երկուսից մեկին նշանակելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ»։

Գալստյանը հավելեց, որ կոմիտեի նախագահը հաշվետու է լինելու և՛ վարչապետին, և՛ Ազգային ժողովին։

Մարիամ Գալստյանի խոսքով, մտավախություն, անշուշտ, կա, որ հակակոռուպցիոն պայքար ծավալող մարմնում նույնպես կարող են առաջանալ կոռուպցիոն ռիսկեր, ուստի հատուկ ներքին մեխանզիմներ են ստեղծվել այդ ռիսկերի նվազեցման ուղությամբ, բացի այդ Քննչական կոմիտեն վերահսկղություն է իրականացնելու կենտրոնի հակակոռուպցիոն աշխատանքի նկատմամբ։

Կենտրոնի աշխատակիցների քանակը լինելու է մոտ 150, այդ թվում առնվանզ 30 քննիչ ու 60 օպերլիազոր։

Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը երեկ 8 միլիարդ 203 միլիոն դրամ հատկացրեց, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին, և որից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ և գրասենյակային ծախսերի, ավելի քան ,.5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ տրանսպորտային հագեցվածության համար։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում երեկ գրել էր, որ «ծախսերի մեծ մասը կապիտալ բնույթի են, իրականացվելու են նաև դոնորների աջակցությամբ (2021-2023 թվականների ընթացքում), որոնք գումարը փոխանցելու են պետական բյուջե, և բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է բացառապես արդարադատության ոլորտի նպատակներով»։

Հարցին, թե որքան է լինելու կոմիտեում քննիչների աշխատավարձը, Մարիամ Գալստյանը պատասխանեց․ - «Մոտավորապես 650 հազար՝ առանց հարկերի։ Կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ»։

Գալստյանը համեմատեց՝ օրինակ, այսօր ԱԱԾ-ում հակառուպցիոն գործերով զբաղվող քննիչը ստանում է 300 հազարից պակաս աշխատավարձ՝ հարկերը հանած։

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ Հայաստան»-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի փոխանցմամբ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներում, եթե առկա են քաղաքական կամք ու համապատասխան մարդկային, նյութատեխնիկական ռեսուրսներ, հակակոռուպցիոն պայքարի կենտրոնացումը մեկ մարմնի շրջանակում դրական է անդրադառնում արդյունքների վրա։

«Ուրիշ հարց, որ լինում են նաև օրինակներ, որ ստեղծում են տարբեր մարմիններ, ու դրանք չեն աշխատում։ Ուղղակի Հայաստանի դեպքում մի խնդիր էլ կա։ Մեր մոտ արդեն տրադիցիոն ապակենտրոնացված մոդելն է տարիներով եղել։ Հիմա մի խնդիր՝ զուտ կազմակերպչական առումով․ ինչպե՞ս հնարավոր կլինի, որ ֆունկցիաները վերաբաշխվի ու անցնի էդ կոմիտեին։ Դա ո՞նց կաշխատի», - հավելեց Հոկտանյանը։

Կառավարությունը նախաձեռնել է նաև հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, ըստ որի այն կունենա առնվազն 25 դատավոր, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության, իսկ 5-ը՝ պետական շահերի պաշտպանության գործերով մասնագիտացում ունեցող դատավորներ։

Մարիամ Գալստյանի փոխանցմամբ, հակակոռուպցիոն դատարանի ստեղծման օրենսդրական նախաձեռնությունը ևս ստացել է կառավարության հավանությունը և նոյեմբերին ներկայացվել է Ազգային ժողով։

XS
SM
MD
LG