Հատկապես 44-օրյա պատերազմից հետո և ներկայում հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունների ֆոնին, երբ ՀԱՊԿ անդամ-երկրների ու նախևառաջ Ռուսաստանի փաստացի անգործության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները, Հայաստանը պարտավոր է քայլեր ձեռնարկել պաշտպանության ոլորտում արևմտյան երկրների հետ համագործակցության ծավալման ուղղությամբ, այսօր «Ազատության» հետ զրուցում կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
«Դա միակ ելքն է, հետևաբար մենք պիտի ամեն ինչ անենք, որ դա իրատեսական դարձնենք և իրականություն դարձնենք: Ակնհայտ է, որ Ռուսաստանի շահերը հիմա համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ, իրենք տարբեր մակարդակներով բազմիցս խոսել են դրա մասին, հետևաբար եթե չկան ընդհանուր շահեր, չկան ընդհանուր դաշնակցային հարաբերություններ: Դա ձևական բնույթ ունի: Օրինակ` ՀԱՊԿ-ի անդամ-երկիր ենք, առաջին հոդվածն արգելում է որևէ գործողություն, որը կվնասի դաշնակցին, Ռուսաստանն այդ զենքը վաճառում էր անընդհատ և նաև օգնում:
Հետևաբար ես կարծում եմ` մենք պիտի անպայմանորեն փորձ անենք և՛ Միացյալ Նահանգների հետ, մասնավորապես ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակցի կարգավիճակ ձեռք բերել, և՛ Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցություն զարգացնել, իսկ եթե ՀԱՊԿ-ի անդամությունը դրան կխոչընդոտի, պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ պարզապես», - ասաց Պապյանը:
Այս մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի տարածք, դիրքավորվեց և առայսօր հրաժարվում է հեռանալ։ Հաջորդ օրը պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն առավելագույնը, ինչ նախորդ ամիսներին արեց Ռուսաստանի առաջնորդած ռազմաքաղաքական կառույցը, սոսկ քննարկումներն էին Հայաստանի սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ։
Քննարկումներին հաջորդեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այս ամսվա սկզբին արված հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:
ՀԱՊԿ պատմության մեջ առաջին անգամ անդամ-երկրի բարձրաստիճան ներկայացուցիչը հրապարակավ քննադատության ենթարկեց կառույցի գլխավոր քարտուղարին։ Հայաստանի Անվտանգության խորհրդի այն ժամանակվա քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքեց Զասին՝ մտահոգություն հայտնելով նրա հայտարարության կապակցությամբ և զսպվածության կոչ անելով ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում:
Նախորդ շաբաթ «Ազատության» հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտարարեց, թե Ֆրանսիան պատրաստ է քննարկել պաշտպանության ոլորտում Հաայստանի հետ համագործակցությունը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե, պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն», - ասել էր դեսպանը։
Անիրատեսական է ակնկալել, որ արևմտյան բանակները կներգրավվեն այս տարածաշրջանում. Իսկանդարյան
Երևանում գործող Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` անիրատեսական է ակնկալել, որ արևմտյան երկրներն անվտանգության ոլորտում լուրջ պարտավորություններ կստանձնեն Հարավային Կովկասում. «Որևէ հեռանկար չկա, որ երրորդ երկրներն ուղղակի մասնակցություն կունենան այն ամենին, ինչ այստեղ՝ մեզ մոտ տեղի է ունենում։ Երրորդ երկիր ասելով՝ նկատի ունեմ ոչ տարածաշրջանային տերություններին՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային։
Նման խոսակցություններն արտահայտում են ներհայաստանյան մեդիադաշտը, խոսույթները, հետգաղութային խոսույթները, տարածաշրջանում Ռուսաստանի չափից դուրս մեծ ներկայության դեմ դժգոհությունը, ներհայաստանյան քաղաքական փոխդասավորվածությունը, քան իրականությունը։ Կրկնեմ՝ որևէ իրական հեռանկար չկա, որ արևմտյան անվտանգային որևէ համակարգ, պարզ ասած՝ զինված մարդիկ, բանակները կներգրավվեն մեր հակամարտությունում», - նշեց քաղաքագետը։
Ըստ Իսկանդարյանի` գոյություն ունի արևմտյան երկրների անվտանգության մեկ համակարգ՝ ՆԱՏՕ-ն, իսկ տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ներկայացնում է Թուրքիան։