Ադրբեջանը նպատակ ունի խափանել տարածաշրջանային ուղիների բացումը. Փաշինյան 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ նախորդ օրերին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո, Հայաստանի կառավարության ղեկավարը այսօր գործադիրի նիստի սկզբում հայտարարեց, թե Ադրբեջանը նպատակ ունի խափանել տարածաշրջանային ուղիների վերագործարկումը։

«Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով:

Ինչպես և նախկինում, Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կումունիկացիաների բացումը, և մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ՝ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով», - ասաց Փաշինյանը:

Անցած տարվա նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև ստորագրված զինադադարի մասին հայտարարության վերջին՝ 9-րդ կետում կարդում ենք. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»։

Այս հուլիսի 18-ին Բաքվում Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսին Իլհամ Ալիևը հայտարարեց, թե բոլոր ուղիները տարածաշրջանում պետք է բացվեն զուգահեռաբար, և որ Ադրբեջանի տարածքում կառուցվելու են ավելի քան հարյուր կիլոմետր մայրուղային և երկաթուղային ճանապարհներ Հայաստանի ուղղությամբ:

«Այդպիսով, մենք պետք է Հայաստանից ստանանք դրական պատասխան, բայց այդ հարցը չպետք է ընտրողական լինի», - ասել էր Ադրբեջանի նախագահը՝ այս անգամ խուսափելով խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար: Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն անկյունքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում», - այսօր նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Ինչպես նախորդ շաբաթ, այսօր նույնպես Փաշինյանը խոսեց հայաստանցի ռազմագերիների վերադարձման և հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ տետաղակայելու մասին. - «Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Սույն թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խոզնավար հատվածում Հայաստանի Հանրապետության սահմանի խախտումն անընդունելի է: Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջակը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»:

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է աղավաղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությունը. - «Ինչպես ֆրանսիացի փիլիսոփա Դեկարտն էր առաջարկում, ճշգրտեք տերմինները և կվերանան վեճերի իննսուն տոկոսը։ Տվյալ դեպքում մենք տերմինաբանական ճշտումների կարիք ունենք, որովհետև կոմունիկացիաների բացումը Հայաստանը մի ձև է հասկանում, կամ իրականությունը մի ձև է, բայց Ադրբեջանը, Բաքուն ուզում է հասկանալ իր ձևով։

Ըստ Մեհրաբյանի, նման իրադրությունը վկայում է, որ տարածաշրջանում նոր կարգ հաստատելու Ռուսաստանի ծրագիրը տապալման եզրին է, քանի որ կարևոր կետերից մեկը՝ ուղիների վերաբացումը հայտնվել է փակուղում. - «Այո, իրոք ռուսական ծրագիրը այսօր չի աշխատում, ռուսական կողմից նաև չի բացառվում, որ Եվրամիությունը ևս մասնակցի այս պրոցեսին։ Բայց իհարկե, այնտեղ կա նաև վերապահում, որ այս պրոցեսը պետք է լինի հենց նոյեմբերի 9-10-ի հայտարարությունում։ Այնպես չէ, որ Արևմուտքը գալու է և իրականացնի ռուսական օրակարգը, Արևմուտքը գալու է իր օրակարգով։ Որքանով դա կստացվի՝ բաց է։ Այս ընթացքում Ադրբեջանը, բնականաբար, չի դադարեցնելու իր կառավարելի սրացումներով Հայաստանի վրա ճնշում գործադրելու մարտավարությունը»։