Ընդամենը մի քանի ժամվա մեջ երկու պաշտոնանկություն և մեկ նշանակում` սահմանային լարված իրավիճակով զբաղված պաշտպանական գերատեսչությունում։
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս նշանակմանը նախորդել էր պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հրաժարականը։ Պաշտպանական գերատեսչությունը ութ ամիս ղեկավարած Հարությունյանի հրաժարականի պատճառները առայժմ չեն ներկայացվում։
Ռազմական գերատեսչության ամենաբարձրաստիճան պաշտոնյան փաստորեն այժմ Արշակ Կարապետյանն է։ Արդյոք նա կլինի պաշտպանության հաջորդ նախարարը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում. իշխանականները այս հարցը դեռ չեն հստակեցնում։ Ի դեպ, օրերս Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նշանակվել էր արտգործնախարարի առաջին տեղակալ, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագրում» չեն բացառել, որ հենց Գրիգորյանն էլ դառնա արտաքին գերատեսչության ապագա ղեկավարը։
Սահմանային լարված այս իրավիճակում առանցքային պաշտոնյայի հրաժարականը առաջ է բերում մի շարք հարցեր, այդ թվում` անհանգստություն, թե ինչպես այս քայլը կարող է անդրադառնալ սահմանային իրավիճակի վրա։
Հարությունյանի հրաժարականը Զինված ուժերի գործողությունների վրա չպետք է ունենա որևէ, առավել ևս՝ բացասական ազդեցություն, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը. «Ես կարծում եմ` սահմանին իրավիճակի առումով մենք ավելի շատ պետք է ապավինենք Զինված ուժերի Գլխավոր շտաբի դերակատարությանը, որովհետև այս իմաստով Պաշտպանության նախարարությունն ավելի շատ քաղաքական ասպեկտի պատասխանատու կառույց կարող ենք դիտարկել, և անմիջական ռազմական գործողությունների առումով պատասխանատուն Զինված ուժերի Գլխավոր շտաբն է»։
Կլինի՞ պաշտոնական բացատրություն հրաժարականի մասին, թե՞ ոչ։ Հակոբ Բադալյանը, հաշվի առնելով արդեն ձևավորված ավանդույթը, մեծ հույսեր չունի։ Ազգային անվտանգության տնօրեն Արգիշտի Քյարամյանն էլ պաշտոնից ազատվեց հոկտեմբերի 8-ին` քառօրյա պատերազմի 10-րդ օրը, ու մինչ այժմ չի ներկայացվել որևէ պաշտոնական բացատրություն։
Իսկ ինչը՞ կարող էր ստիպել 8 ամիս պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Վաղարշակ Հարությունյանին հրաժարական ներկայացնել հենց այն ժամանակ, երբ սահմանին իրավիճակը լարված է, արդյոք սահմանային իրավիճակով պայմանավորված տարաձայնություններ են եղել Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի կամ Նիկոլ Փաշինյանի միջև։ Սրանք առայժմ հարցեր են, որոնք պատասխաններ չունեն։ Իսկ այս հարցերը առաջանում են Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից հետո, որտեղ նշվում էր, որ Հայաստանի զինված ուժերը շփման գծի որևէ փոփոխություն թույլ չեն տալու։
«Զինված ուժերն ինքնին հենց կոչված են` դա թույլ չտալու համար և հարց է առաջանում, թե ինչու կար դա շեշտելու անհրաժեշտություն, և հետևաբար սա բերում է մտքի, որ ինչ-որ, այդուհանդերձ, քննարկումներ այս խնդրի վերաբերյալ` ներքին կամ ընդհուպ արտաքին, եղել են, կամ համենայն դեպս, շոշափվել են», - ասում է Հակոբ Բադալյանը։
Ռազմաքաղաքական հարցրեով փորձագետ Արեգ Քոչինյանը այս հրաժարականի ու սահմանային իրավիճակի միջև կապ չի տեսնում. «Ըստ էության, ռուսերենում մի այսպիսի արտահայտություն կա ‘’переход на ручное управление’’, եթե փորձենք հայերեն թարգմանել, ապա անձնական ղեկավարման անցում. սա թերևս հենց այն է, ինչ տեղի է ունենում այս պահի դրությամբ Զինված ուժերում, Պաշտպանության նախարարությունում` վարչապետի պաշտոնակատարն, ըստ էության, փորձում է բանակը էլ ավելի իր անմիջական ղեկավարման և ավելի իր անմիջական վերահսկողության ներքո անցկացնել»:
Պաշտպանական գերատեսչությունում կա գլոբալ փոփոխությունների կարիք, նկատում է Արեգ Քոչինյանը, իսկ այդ փոփոխությունը կարող է անել մեկը, ով ունի ոչ ստանդարտ մտածողություն և համակարգին կողքից նայելու ունակություն։ Եթե իսկապես Արշակ Կարապետյանը նշանակվի այդ պաշտոնում, կկարողանա՞ իրականացնել այն փոփոխությունները հարցին, Արեգ Քոչինյանը տվեց այսպիսի պատասխան. «Ես չեմ կարծում, որ ամբողջ կյանքը այդ համակարգում աշխատած մարդը կկարողանա իրապես համակարգային փոփոխությունների գնալ, բայց դա ցույց կտա ժամանակը»:
54-ամյա Կարապետյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր։ 2016-ին Կարապետյանը եզակի այն պաշտոնյաներից էր, որ պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից։ Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյանի զոհերի ու նաև տարածքային կորուստների համար։
Հեղափոխությունից հետո Կարապետյանը նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական, իսկ ապրիլի 6-ին այդ պաշտոնից ազատվելով նշանակվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Ընդդիմությունն այն ժամանակ քննադատել էր նրա նշանակումը՝ նշելով, որ ապրիլյանի դեպքերը ուսումնասիրելու արդյունքում ակնհայտ է դարձել, որ բազմաթիվ թերացումներ են եղել նաև հետախուզության ոլորտում, որոնք հիմք են քրեական գործերի համար։