ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով

Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:

«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել», - ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:

Երեկվանից կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի հատվածում: Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ գիշերը մինչև ժամը 2-ն ադրբեջանական զինուժը շարունակել է հրաձգային զինատեսակներից, արդեն առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ էլ` փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Հայկական ու ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են իրավիճակի լարման համար։