Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչն անհանգստացած է հայ – ադրբեջանական սահմանին զարգացումներով:
«Խորապես անհանգստացնող զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին շարունակվում են», - Թվիթերում գրում է Տոյվո Կլաարը:
«Կրկնում ենք զսպվածության և զինված ուժերն իրարից հեռացնելու, սահմանային խնդիրները կառուցողաբար քննարկելու մեր կոչերը՝ քանի դեռ նոր զոհեր չեն գրանցվել», - ասված է ԵՄ հատուկ ներկայացուցչի գրառման մեջ:
Եվրամիությունը պատրաստակամ է աջակցելու կողմերին, նաև վստահեցնում է Տոյվո Կլաարը:
Իրադրությունը հայ - ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում լարված է անցած շաբաթվանից, հուլիսի 14-ին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, մեկ զինծառայող վիրավորվել է: Երեկ երեկոյան և անցած գիշեր էլ վիրավորվել են Երասխի գյուղապետը և ադրբեջանցի մի զինծառայող: