Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:
«Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ», - ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը կրկին նախազգուշացնում է, որ «սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական Զինված ուժերն են գնդակոծում Սադարակի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը, իրենք պատասխան կրակ են բացում, կորուստներ չունեն:
Իրադրությունը հայ - ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում լարված է անցած շաբաթվանից, հուլիսի 14-ին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, մեկ զինծառայող վիրավորվել է: