Չի բացառվում, որ Ադրբեջանը հիմք է նախապատրաստում խաղաղապահների ներկայությունը վիճարկելու համար, ուշադրությունը շեղել Արցախից. քաղաքագետներ

Ադրբեջանական կողմը փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, մյուս կողմից` ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքն է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին, թե Հայաստանն արևմտյան Ադրբեջան է, ու այստեղից տեղահանված փախստականները պետք է վերադառնան իրենց տներ։

«Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ», - շեշտում է Արտգործնախարարությունը։

Արդբեջանի արտաքին գերատեսչությունից հայտարարարել էին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ փախստականները պետք է վերադառնան, խոսնակ Լելյլա Աբդուլաևայի բնորոշմամբ, «այն տարածքներ, որտեղ ադրբեջանցիները պատմականորեն ապրել են՝ որպես բնիկ ժողովուրդ»։ Խոսքը, մասնավորապես Զանգեզուրի մասին է։ Միևնույն ժամանակ ԱԳՆ խոսնակը պնդել էր, թե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ադրբեջանական կողմը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ։ Մինչ այս հենց Իլհամ Ալիևն էր հերթական անգամ հայտարարել, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանն «իրենց հայրենի հողերն են, և ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնա այնտեղ»։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը համոզված է՝ ադրբեջանական կողմն այսուհետ նաև այս թեզն է առաջ տանելու` կոնկրետ հեռահար նպատակներ ունենալով. «Ադրբեջանական պաշտոնական բոլոր հայտարարություններում այս թեզը լինելու է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը լիարժեք իրականացված համարել չի կարելի, քանի դեռ այդ ադրբեջանցիները չեն վերադարձել Հայաստանի Հանրապետություն: Ընդ որում, չեմ բացառում, որ սա նաև արվում է մի նպատակով, որպեսզի հիմք նախապատրաստվի` պնդելու, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունն ամբողջապես կատարված չէ, եթե ամբողջապես կատարված չէ, նշանակում է` այլ կետեր ևս կարելի է չկատարել»:

Քաղաքագետը չի բացառում՝ Ադրբեջանն այս քայլով հիմք է նախապատրաստում Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը վիճարկելու համար. «Ասելու, որ եթե օրինակի համար` այդ փախստականների վերադարձի կետը չի կատարվում, հետևաբար ամբողջ հայտարարությունը ձախողված է, հետևաբար ես համարում եմ, որ նաև այդ կետերից մեկը` Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայումը նույնպես կարելի է համարել ձախողված, հետևաբար ես պահանջում եմ, որ ռուսական խաղաղապահ ուժերը հեռանան այնտեղից»:

Արևմտյան Ադրբեջանի մասին խոսելով՝ Ադրբեջանն առաջին հերթին ցանկանում է ուշադրությունը շեղել Արցախից կամ փակել այդ թեման, կարծում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը. «Երբ Ադրբեջանը խոսում է Սյունիքից, երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանի ինքնիշխան այլ տարածքներից, սա Հայաստանի համար, ըստ իրենց հաշվարկի, պետք է ավելի դժվար լինի խոսել Արցախից, և այսպես ասած` առաջնահերթությունը կտրվի խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի պահպանումից»:

Ադրբեջանը պաշտոնական Երևանից փորձում է օր առաջ զիջումներ կորզել։ Պատճառը, ըստ քաղաքագետի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող 2 երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումն է. բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։ Քոչինյանն ասում է՝ ադրբեջանական կողմի համար սա աղետալի պարտություն կհամարվի, այդ պատճառով էլ Բաքուն փորձելու է խուսափել բանակցությունների վերսկսումից. «Ադրբեջանը դրանում միայնակ չէ, սա էլ է պետք արձանագրել, Ադրբեջանին այս հարցում օգնում են Թուրքիան և Ռուսաստանը: Այս երեք սուբյեկտները ճնշում են գործադրում Հայաստանի վրա` պահպանելու համար այն եռակողմ համաձայնագիրը, որը կնքվել է, և այն նոր տրամաբանությունը, որը ստեղծվել է այս տարածաշրջանում»:

Սահմային նոր լարվածության օջախներ ստեղծելով էլ` Ադրբեջանը, ըստ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի, 2 նպատակ է հետապնդում. կարճաժամկետով դրդել Հայաստանին կնքել խաղաղության համաձայնագիր, երկարաժամկետով էլ Բաքուն ցանկանում է սահմանամերձ բնակավայրերի բնակչության շրջանում կասկածներ ստեղծել անվտանգության վերաբերյալ, նպաստել արտագաղթին. «Ադրբեջանը մտածում է, որ կարելի է ավելի նոսրացնել մեր սահմանամերձ բնակավայրերը, սահմանամերձ մարզերը և հետագայում, նորից եմ ասում` այդ հետագան կարող է լինել 2030-2035 թվականներին, ինքը կփորձի հաստատվել այդ մարզերում տնտեսապես»:

Ըստ Արեգ Քոչինյանի՝ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հարվածել Հայաստանին, այդ թվում՝ ինքնիշխանությանը, ստիպելով Երևանին դիմել Ռուսաստանին՝ Նախիջևանի հատվածում ևս ռուս սահմանապահներ տեղակայելու խնդրանքով։ Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում է լարվածություն ստեղծվել։

«Խնդիրն այն է, թե ով ավելի երկար հիմա կդիմանա` Հայաստանը, որ կդիմանա մինչև բանակցությունների մեկնարկը, թե Ադրբեջանը, որ կկարողանա ստիպել Հայաստանին գնալ զիջումների ու չհասնել բանակցությունների», - ասում է քաղաքագետը: