Հայաստանը հանդես է գալիս խաղաղության դիրքերից, միջազգային հարաբերությունների շրջանակներում հարցերը քննարկելով լուծելու օգտին, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասաց «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության ցուցակում ընդգրկված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ Ադրբեջանն իրեն «նույն կառուցողականության մեջ չի պահում»։
Արշակյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Հիմա տեսնում ենք, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կրկին լարված է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ «Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին»։ Ընդդիմախոսներն էլ քննադատում են Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա ընտրություններից առաջ խոստացել է խաղաղություն, իսկ հիմա ասում է, որ նոր բախումներ են լինելու, ինչպե՞ս հաշտեցնել այս երկու իրողությունները։
Հակոբ Արշակյան․ - Մեր նախընտրական քարոզարշավի ընթացքում և ընդհանրապես միջազգային քաղաքականության դիրքորոշման առումով մենք հանդես ենք գալիս խաղաղության դիրքերից, այսինքն՝ մենք ասում ենք, որ անհրաժեշտ է ապաշրջափակել Հայաստանի Հանրապետությունը որպես էդպիսին ենթակառուցվածքների տեսանկյունից, ինչպես նաև ուժի լեզվով խոսակցությունը և հոխորտանքները դադարեցնել, և մենք դրա ջատագովներն ենք, բայց դա ամենևին չի նշանակում, որ ինչ-որ պայմաններ դնելու, կամ ուժի լեզվով խոսելու դեպքում, մենք խաղաղասիրական ենք լինելու, դա չի հարցը, ուղղակի մենք հանդես ենք գալիս խաղաղության և միջազգային հարաբերությունների շրջանակներում հարցերը քննարկելով լուծելու օգտին։ Այս առումով, ես կարծում եմ, որ մեր դիրքորոշումը չի փոխվել և այդպիսին էլ մնում է, և մեր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես, Դուք նշեցիք Շառլ Միշելի հետ խոսակցությունները և մամուլի ասուլիսը, հենց այդ ուղղությունն էլ մենք առաջ ենք տանում, ուրիշ բան, որ մեր թշնամական երկիրը՝ Ադրբեջանը՝ մեր հարևանը, իրեն նույն կառուցողականության մեջ չի պահում և դա արձանագրվում է մեր միջազգային գործընկերների կողմից։
«Ազատություն»․ - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է, որ «պետք է վերադառնանք մեր նախնիների հայրենիք՝ Երևան, Զանգեզուր»։
Հակոբ Արշակյան․ - Կարծում եմ, միշտ է դա ասել, որն անընդունելի է մեր կողմից, և կարծում եմ, որ միջազգային հանրությունը նույնպես իր արձագանքները պիտի տա այս առումով։
«Ազատություն»․ - Որևէ ազդակներ ստանո՞ւմ եք, օրինակ, որ մեր միջազգային գործընկերները թույլ չեն տա, որ ևս մի բախում լինի մեծ ծավալի, ի՞նչ ազդակներ ունեք։
Հակոբ Արշակյան․ - Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արված վերջին հայտարարությունը, որին, ի դեպ, Հայաստանն աջակցությամբ հանդես եկավ, իսկ ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել, հենց դրա մասին էր, որ, ուժի կիրառման բացառման սկզբունքը կիրառելով, անհրաժեշտ է նստել նոր բանակցությունների սեղանի շուրջ՝ ամենաբարձր մակարդակի, և մենք դրան դրական ենք արձագանքել, նաև Շառլ Միշելի հնչեցրած այն թեզը, որ պիտի բացառվի ուժի կիրառումը, ես կարծում եմ, որ սրանք դրական ազդակներ են։ Ինչպես նաև մենք տեսնում ենք, որ որոշակի տեղաշարժեր են տեղի ունենում ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների կողմից։ Ես կարծում եմ, որ այս դրական տեղաշարժերը կշարունակվեն։
Արշակյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև