Բաքվում հայ գերիների հերթական դատավարությունն է մեկնարկել

Ադրբեջան - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի շենքի ցուցանակը, արխիվ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական կազմակերպության հիմնադիր Գևորգ Սուջյանի և նրա ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի դատավարությունը։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրանց մեղադրում է ապօրինի զենք պահելու, լրտեսության, զինված խմբավորում ձևավորելու, սահմանն ապօրինի հատելու համար։ Հայկական կողմն ապօրինի է որակում ինչպես այս, այնպես էլ մյուս հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանի հարուցած քրեական գործերը։

Եվրադատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ասում է, որ Ադրբեջանը միայն 45 գերեվարված անձանց մասին է տեղեկություններ տալիս, մյուսների մասին նշում է, թե իր տարածքում չեն։ Մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

«280 անձի վերաբերյալ ինչ-որ պահի եղել են ապացույցներ՝ դրանք կլինեն տեսանյութերի տեսքով, ֆոտոների տեսքով, թե այլ օժանդակ ապացույցների, որ այդ անձինք գտնվում են ադրբեջանական զինծառայողների իշխանության ներքո, այսինքն՝ գերության մեջ են, կամ ձերբակալվել են, եթե քաղաքացիական անձանց մասին է խոսքը, այդ ապացույցները եղել են, և դրա հիման վրա ներկայացվել է դիմում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դրմեյանը՝ շարունակելով․ - «Ցավոք սրտի, դուք գիտեք, որ եղել են դեպքեր, երբ գերության մեջ գտնվող անձը հետագայում հայտնաբերվել է մահացած՝ փոխանցվել է նրա աճյունը, կամ որոնողական աշխատանքների արդյունքում է գտնվել աճյունը, նման դեպքեր էլ կան։ Բայց այդ 280-ը անձինք են, ում վերաբերյալ ապացույցներ եղել են։ Ադրբեջանը այս պահին հաստատում է 45 անձի գերեվարման մեջ գտնվելը՝ հաշվի առնելով նաև 15 վերադարձած անձանց․ նախկինում 60 էր, հիմա դարձավ 45»։

Ադրբեջանի դատարաններ բերվող տուժողները շարունակում են ցուցմունքներ տալ ընդդեմ հայ ռազմագերիների։ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի դատավարության ժամանակ, երբ տուժողին հարցրել են, թե ինչպես է ճանաչել մոտ 30 տարի առաջ իր հետ տեղի ունեցածի հեղինակներին, պատասխանել է, թե նրանց ճանաչել է լուսանկարներով։ «Հենց նկարները նայեցի, ճանաչեցի», - դատարանում հայտարարել է տուժող Քյամիլ Բաբաևը։

Ադրբեջանի դատախազությունը 54-ամյա Ալյոշա Խոսրովյանին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմի տարիներին 5 ադրբեջանցի գերիների հետ դաժան և անմարդկային վարվելու համար, իսկ 51-ամյա Լյուդվիգ Մկրտչյանին՝ նույն ժամանակաշրջանում գերեվարված 11 գերիներին խոշտանգելու համար։

Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020-ի հոկտեմբերին 20-ին Ֆիզուլիի շրջանից։ Իսկ Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել է ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության` «նրանք միասին կատարել են ծանր հանցագործություններ»։

Մյուս տուժողն էլ՝ Ֆամիլ Ալիևը հայտարարել է, թե սկզբում չի ճանաչել երեք տասնամյակ առաջ իրեն խոշտանգողներին, բայց հենց տեսել է լուսանկարները, ճանաչել է «Լյոխային և Լյոշային՝ նրանց այդպես եմ ճանաչել», - ադրբեջանական դատարանում հայտարարել է տուժողը։

Ադրբեջանական դատարաններով այժմ անցնում են այնտեղ գտնվող բոլոր գերիները։ Ադրբեջանական դատախազությունը նրանց մեղադրում է պատերազմական ծանր հանցագործությունների, ահաբեկչության համար։ Վերջին դատավարությունը անսպասելի ավարտ էր ունեցել՝ սկզբնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող 12 պահեստազորայիններին Ադրբեջանը դատապարտեց կես տարվա ազատազրկման՝ թողնելով միայն սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը, ինչից հետո պաշտոնական Բաքուն ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան վերադարձրեց 15 ռազմագերիների։