Ջուրը վերջապես հասավ Բենիամինի ու Ազատանի ցանքատարածություններ

Ջուրը Արփի լճից լցվում է Կառնուտի ջրամբար, 12-ը հուլիսի, 2021թ․

Կառնուտի ջրամբարում ջրի ծավալը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է: Երեկ Արփի լճից ջուրը Շիրակի մարզի մի քանի տասնյակ համայնքներ ոռոգման ջրով ապահովող ջրամբար էր լցվում:

Թե քանի միլիոն խորանարդ մետր ջուր են նախատեսում կուտակել ջրամաբարում, դեռ պարզ չէ: Ջրի կուտակմանը նպաստեցին նաև վերջին օրերի անձրևները։

Շաբաթներով ոռոգման ջրից զրկված Բենիամինի ու Ազատանի ցանքատարածություններ ջուրը վերջապես հասել էր։ Հենց այս գյուղերի բնակիչներն էին, որ նախորդ շաբաթներին ոռոգման ջրի պահանջով բողոքի ակցիաներ անցկացրեցին՝ ահազանգելով՝ բերքն են կորցնում։

Բողոքի ակցիաներից հետո միայն իշխանությունները որոշեցին Արփի լճի ջուրը շրջակա ՀԷԿ-երի փոխարեն նաև դեպի Կառնուտի ջրամբար ուղղել։

Բենիամինի բնակիչ Ալբերտ Հովհաննիսյանը դաշտը ջրել ու տուն էր եկել, բայց ասում է՝ միևնույն է ջուրն ուշացել է: Հովհաննիսյանը երկու շաբաթ առաջ չորացած դաշտ հասցրեց Շիրակի մարզպետին ու ջրի փոխարեն փոխհատուցում պահանջեց․ - «Ես էլ ջուր չեմ ուզում, ես փոխհատուցում եմ ուզում»։

Թեև կարտոֆիլը ջրել էր, բայց կրկին պնդում է, որ պետք է հանձնաժողով կազմվի, գյուղացու վնասը չափագրվի ու փոխհատուցվի․ - «Հիմա էլ եմ պնդում, որ վնասի փոխհատուցում։ Ստեղծվի կառավարական հանձնաժողով, գան տեղում գնահատում տան։ Վերջապես, ժողովուրդը մեղք են, էլի, փող է ներդրված, ֆինանս է ներդրված»։

Տնամերձում ցանած կարտոֆիլն էլ էին ջրել: Ասում է՝ այրվել է, ու ցույց է տալիս, թե վառված թփերի տակ կարտոֆիլի ինչ բերք կա: Կրած վնասն էլ մոտավոր հաշվարկել է․ - «Եթե կարտոշկի կիլոգրամ սերմացուն հաշվեք 150-200 դրամ, մոտավորապես հեկտարին գնացել է 4,5 տոննա կարտոշկա, չհաշված մյուս ծախսերը՝ վարը 35 հազար է, կուլտիվացիան 20-25 հազար է, ցանքսը 40 հազար է կարտոշկի, քանդելը մոտավորապես 50 հազար է, և էդ բոլորը կուտակվելով իրար վրա, մոտավորապես, իմ եկամուտն էլ հետը, որ նոր ես պիտի եկամուտ ստանայի, առնվազն 3 միլիոն»։

Ալբերտ Հովհաննիսյանը դժվար թե հաջորդ տարի կարտոֆիլ ցանի. – «Չէ, էլ ի՞նչ մշակեմ։ Երբ որ էսօր ես ներդնեմ ու հետ չստանամ, էլ ի՞նչ մշակեմ»։

Բենիամինի համայնքապետ Արտակ Անտոնյանի խոսքով՝ վերջին 2-3 օրերին ջուրը դաշտեր հասել է, չոռոգված շատ քիչ ցանքատարածություններ են մնացել․ - «Էս 2-3 օրվա ընթացքում արդեն նորմալ ջուր ենք ունեցել, ոռոգվել է, էս 2-3 օրը նորմալ ոռոգում կատարել ենք»։

Համայնքապետը ևս կարծում է, որ ուշացմամբ ջրված դաշտերի բերքն ամբողջությամբ չի վերականգնվի:

Ազատանն ու Բենիամինը ծայրամասային գյուղեր են, ջրի խնդիր չունենալու միակ տարբերակը Կառնուտի ջրամբարում պահանջվող ծավալի ջուր կուտակելն է։

Ոռոգման ջրի խնդրին այսօր անդրադարձավ Շիրակի մարզ այցելած տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Ըստ վերջինիս` ջրամբարները սնուցող գետերի ջրի մակարդակը կտրուկ նվազել է, ինչն էլ առաջ է բերել ոռոգման ջրի դեֆիցիտ. «Այս տարի սկսած մայիս ամսվա վերջից սկսեցին կտրուկ իջնել` 70-80 տոկոսով մեր կարևոր գետերը, մասնավորապես, Հրազդանը, Ախուրյանը, Արաքսը, նրանց ջրատվությունը կտրուկ իջել է: Սա պայմանավորված է թե եղանակային գործոններով և նաև Արաքս-Ախուրյան թևում հարևան Թուրքիայի նոր ջրամբարների կառուցմամբ և ջրի կառավարման մոդելի փոփոխությամբ: Հիմա մենք էլ մեր հերթին նախագծում ենք նոր ջրամբարներ կառուցել Ախուրյանի ավազանում, Արագածոտնի, Շիրակի մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ հնարավոր է ջուր կուտակել, որպեսզի կարողանանք բալանսավորել»: