Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներին Հռոմում դիմավորել են որպես ազգային հերոսների

Իտալացի երկրպագուները տոնում են հաղթանակը, Լոնդոն, 11 հուլիսի, 2021թ.

Ֆուտբոլի 2020 թվականի` կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ մեկ տարով հետաձգված Եվրոպայի առաջնությունը հաղթանակով ավարտած Իտալիայի ազգային հավաքականը` Squadra Azzurra-ն («Կապույտ ընտրանի») վերադարձել է հայրենիք: Մայրաքաղաք Հռոմում ֆուտբոլիստներին դիմավորել են որպես ազգային հերոսների:

Երեկ խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, գոլերը խփել են անգլիացի Լյուկ Շոուն (2-րդ րոպե) և իտալացի Լեոնարդո Բոնուչին (67-րդ րոպե): 11-մետրանոց հարվածներով 3:2 հաշվով հաղթել են իտալացիները:

Ընտրանին անմիջապես խաղից հետո օդանավով վերադարձել է Հռոմ, որտեղ այսօր ֆուտբոլիստներին կընդունեն Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան և վարչապետ Մարիո Դրագին:

Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ է վաստակում Հին մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը: Առաջին անգամ իտալացիները 1968 թվականին են դարձել Եվրոպայի չեմպիոն:

Երեքական անգամ այդ տիտղոսը շահել են Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները, երկու անգամ՝ Ֆրանսիան, մեկական անգամ Եվրոպայի չեմպիոն են դարձել ԽՍՀՄ, Չեխոսլովակիայի, Նիդերլանդների, Դանիայի, Հունաստանի և Պորտուգալիայի հավաքականները:

Անգլիայի ընտրանին առաջին անգամ է դուրս եկել եզրափակիչ, 1968 և 1996 թվականներին անգլիացիները բրոնզե մեդալներ են վաստակել:

Իտալիան չորրորդ անգամ է դուրս եկել եզրափակիչ: 1988 թվականին Իտալիան երրորդ տեղն է գրավել:

Իտալիայի հավաքականը չորս անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, երկու անգամ ստացել է արծաթե, և մեկ անգամ ՝բրոնզե մեդալներ: