Մատչելիության հղումներ

Իտալիան՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն


Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը դարձավ Եվրո-2020-ի հաղթողը՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով Հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը:

Կիրակի երեկոյան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած եզրափակիչում իտալացիները հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասան Անգլիայի ընտրանու նկատմամբ՝ հանդիպման հիմնական ժամանակը և լրացուցիչ 30 րոպեներն ավարտվեցին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Ընդ որում, հաշիվը բացել էին անգլիացիները՝ արդեն 2-րդ րոպեին աչքի ընկավ Լյուկ Շոուն, սակայն 67-րդ րոպեին Լեոնարդո Բոնուչին վերականգնեց հավասարակշռությունը: Անգլիացիներն առջևում էին նաև 11-մետրանոցներն իրացնելիս, սակայն ի վերջո Ռոբերտո Մանչինիի սաներն այստեղ հաղթեցին 3:2 հաշվով:

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում Իտալիայի հավաքականը հաղթեց 7 հանդիպումներից 5-ում՝ Թուրքիայի (3:0), Շվեյցարիայի (3:0), Ուելսի (1:0), Ավստրիայի (2:1) և Բելգիայի (2:1) թիմերին, կիսաեզրափակիչում և եզրափակիչում 1:1 հաշվով ոչ-ոքիներից հետո 11-մետրանոցներով հաղթեց Իսպանիայի և Անգլիայի հավաքականներին:

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնառուման ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։

Առաջին անգամ Իտալիան Եվրոպայի չեմպիոն էր դարձել 1968 թվականին:

XS
SM
MD
LG