Փաշինյանն արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ քննարկել է հետագա համագործակցության ձևաչափը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ:

Ըստ վարչապետի գրսենյակի՝ հանդիպմանը մասնակցել են «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Տիգրան Արզաքանցյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Փաշինյանը տեղեկացրել է, որ ևս մի քանի կուսակցությունների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, պարզապես «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանրապետությունում չեն:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ այս առաջին հանդիպումը զուտ կազմակերպչական բնույթի է․ - «Պետք է փորձենք մշտական գործող ֆորմատ ձևավորել իմ մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ: Մենք սա դիտարկում ենք որպես, այսպես ասած, մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի օրակարգային հարցերի քննարկման հարթակ ու եթե կարելի է այսպես ասել՝ մտագրոհի տեղ, որտեղ կարող ենք բոլոր հնարավոր հարցերը քննարկել»։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նոր ձևավորվող ձևաչափի հետագա գործունեության, նիստերի օրակարգերի ձևավորման, աշխատակարգի վերաբերյալ:

Որոշում է կայացվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ առաջին նիստն անցկացնել առաջիկայում: