«Միացյալ Նահանգներն Աֆղանստանում իր գլխավոր առաքելությունը՝ «Ալ-Ղաիդա»-ի ջախջախումն ու Ուսամա Բին Լադենի ոչնչացումը ավարտին է հասցրել, ուստի ամերիկյան զորքերի հետագա տեղակայումն այդ երկրում այլևս անիմաստ է», հինգշաբթի երեկոյան Սպիտակ տանը հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ առաջին անգամ հանդես գալով Աֆղանստանում օրեցօր խորացող ճգնաժամի վերաբերյալ ծավալուն մեկնաբանությամբ։
«Մենք Աֆղանստան չէինք գնացել պետություն կառուցելու նպատակով։ Դա բացառապես աֆղան ժողովրդի իրավունքն ու պատասխանատվությունն է՝ որոշել սեփական ապագան և թե ինչպես է հարկավոր կառավարել սեփական երկիրը», - հայտարարում էր Բայդենը։
Սպիտակ տանը կայացած այս ասուլիսը թերևս ամենանյարդայինն էր Բայդենի նախագահության ողջ ընթացքում։ Լրագրողների հարցերը հաջորդում էին մեկը մյուսին և դրանց մեծ մասը ԱՄՆ ղեկավարի համար այնքան էլ հաճելի չէր․ «Որ՞ն էր ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից նման հապշտապ դուրսբերման պատճառը», «Արդյո՞ք Քաբուլը նոր Սայգոն չի դառնա և արդյո՞ք ամերիկացիները ստիպված չեն լինի 1975 թվականին Հարավային Վիետնամում ծավալված իրադարձությունների օրինակով, Աֆղանստանից ևս տարհանել սեփական դեսպանատունը» և թերևս ամենակարևորը՝ «Արդյո՞ք անխուսափելի է «Թալիբանի» հաղթանակը»։ Դրան հետևեց Բայդենի կտրուկ ժխտական պատասխանը։ Հաջորդ հարցն արդեն Սպիտակ տան ղեկավարին հունից հանեց։
«Դուք վստահու՞մ եք «Թալիբան»-ին», - հարցրեց Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներից մեկը, ինչին հետևեց Ջոզեֆ Բայդենի բավական կոպիտ արձագանքը․ - «Դա հիմար հարց է։ Ես չեմ վստահում թալիբներին, սակայն, վստահում եմ աֆղանական բանակին, որը շատ ավելի լավ է մարզված ու զինված և ռազմական գործողություններ վարելու շատ ավելի բարձր որակներ ունի»։
Աֆղանստանում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները, սակայն, չեն հաստատում Սպիտակ տան ղեկավարի լավատեսությունը։ «Թալիբան» շարժման սրընթաց հարձակումը Աֆղանստանի հյուսիսում շարունակվում է։ Վերջին 24 ժամերին «Թալիբան»-ի զինյալները ընդհուպ մոտեցել են Թուրքմենստանի և Իրանի սահմաններին։
Թուրքմենական աղբյուրների փոխանցմամբ, Աֆղանստանի հետ սահմանին տեղակայված որոշ սահմանապահ կայազորների սպայակազմը սկսել է տարհանել ընտանիքների անդամներին։ Իրանի ուղղությամբ՝ աֆղանական Հերատ նահանգում, թալիբներին ևս հաջողվել է առաջ շարժվել՝ գրավելով սահմանային անցակետերից մեկը։
Վաշինգտոնից հնչող հանդարտության և խուճապի չմատնվելու կոչերի ֆոնին՝ տարածաշրջանային առաջատար խաղացողները դիմում են միակ տրամաբանական քայլին՝ փորձում են ընդհանուր հայտարարի գալ հաղթող կողմի հետ։
Նախօրեին «Թալիբան» շարժումը ներկայացնող մի պատվիրակություն գտնվում էր Թեհրանում, մյուսը՝ Մոսկվայում։
Ռուսաստան ժամանած թալիբները երեկ հանդիպել են Աֆղանստանի հարցերով Կրեմլի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովի հետ։ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում թալիբները վստահեցրել են, որ չեն պատրաստվում խախտել Կենտրոնական Ասիայի պետությունների սահմանները, ինչպես նաև երաշխավորում են Աֆղանստանում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացչությունների անվտանգությունը:
Այսօր արդեն, Մոսկվա ժամանած թալիբները, Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպված ասուլիսի ընթացքում հրապարարակեցին միջագզային հանրությանը տրամադրվող երաշխիքների ամբողջական ցանկը։
«Մենք երաշխավորում ենք, որ որևէ երրորդ ուժ այլևս երբեք չի օգտագործի Աֆղանստանի տարածքը [այլ պետությունների դեմ]։ Մենք ցանկանում ենք հավաստիացնել ձեզ, որ «Իսլամական պետության» կառույցները երբեք որևէ գործունեություն չեն ծավալի մեր երկրի տարածքում։ Մենք երաշխավորում ենք միջագզային հանրությանը, որ գործուն միջոցներ կձեռնարկենք Աֆղանստանի տարածքում թմրանյութերի արտադրության դեմ։ Բացի այդ, միջագզային հանրության ներկայացուցիչներին կարող է հետաքրքրել այն փաստը, որ այս պահին մեր վերահսկողության տակ է գտնվում Աֆղանստանի տարածքի 85 տոկոսը», - Մոսկվայում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարում էր «Թալիբան» շարժման Դոհայում գործող քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Շահաբուդին Դելավարը։
Թալիբների ներկայացրած երաշխիքները միջազգային հանրությանը կարծես լիովին գոհացնում են։ Համենայնդեպս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է․ - «Քանի դեռ ռազմական գործողությունները ընթանում են Աֆղանստանի տարածքում, Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկի»։