Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում տեղակայված դաշտային հոսպիտալում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար երկար հերթեր են առաջացել։ Ռուսաստանում համավարակի նոր բռնկման հետևանքով օրական վարակվողների թիվն անցնում է 20 հազարը, իսկ մահվան դեպքերինը՝ 700-ը։ Համավարակի բռնկման պատճառը համարվում է կորոնավիրուսի «Դելտա» ենթատեսակը, որն ավելի վարակիչ է։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ 12,5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում յուրաքանչյուր օր մոտավորապես 100 հազար մարդ է պատվաստվում, ինչը թույլ է տալիս նոր սահմանափակումներ չմտցնել։ Նա հավաստիացրել է, որ իրավիճակը կայունանում է։
Մոսկվայի ոստիկանությունը 55 քրեական գործ է հարուցել թեստերի կեղծ տեղեկանքներ ներկայացնելու համար։
Կալինինգրադի մարզում անցած չորեքշաբթի բուժաշխատող է ձերբակալվել, ով պատվաստվելու մասին կեղծ տեղեկանքներ էր վաճառում։
Համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 5 միլիոն 700 հազար դեպք է արձանագրվել։