«Թալիբան»-ի հարձակումը Աֆղանստանի հյուսիսում շարունակվում է

Աֆղանստան - Ազգային բանակի զինծառայողները մայրաքաղաք Քաբուլի հսկիչ անցակետերից մեկում, 8-ը հուլիսի, 2021թ.

Ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ Աֆղանստանի հյուսիսում շարունակվում է «Թալիբան» շարժման լայնածավալ հարձակումը։

Չորեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ թալիբ զինյալներին հաջողվել է մուտք գործել միանգամից երկու նահանգների վարչական կենտրոններ։ Առաջինը Թուրքմենստանին սահմանակից Բադղիս երկրամասի վարչական կենտրոն Քալա-է Նաու քաղաքն է, որը, ըստ Reuters գործակալության, «Թալիբան»-ի զինյալները գրոհել են միանգամից երեք ուղղություններից։ Պաշտոնական Քաբուլի պնդմամբ՝ քաղաքում տեղակայված հատուկ նշանակության ուժերն ու կառավարական բանակի ստորաբաժանումները հետ են մղում հարձակումները, սակայն բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ են։

Երեկվանից ծանր մարտեր են նաև Կունդուզ քաղաքի փողոցներում։ Այստեղ ևս թալիբ զինյալներին հաջողվել է մուտք գործել համանուն երկրամասի վարչական կենտրոն՝ բախվելով կառավարական ուժերի կատաղի դիմադրությանը։