«Աստված իտալացի է». Իտալիան տոնում է ֆուտբոլային հաղթանակը

Ռումինիա - Եվրո-2020-ի լոգոն Բուխարեստում, արխիվ

«Աստված իտալացի է»․ - այսպիսի վերնագրեր կան այսօր լույս տեսած իտալական թերթերում՝ նկատի ունենալով Իսպանիայի հավաքականի դեմ երեկվա խաղի արդյունքը։

Խաղային առավելությունը իսպանացիների կողմ էր, բայց իտալացիներին հաջողվեց բացել հաշիվը։ Իսպանիան հավասարեցրեց հաշիվը, բայց ավելին անել չկարողացավ: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իտալացիները ավելի հաջող իրականացրեցին 11-մետրանոց հարվածներն ու դուրս եկան Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ։ Եզրափակիչում նրանց մրցակիցը կորոշվի այսօր Դանիա-Անգլիա խաղում։

Անցած գիշերը իտալացի ֆաները հեղեղել էին Հռոմի փողոցները՝ տոնելու Իսպանիայի դեմ հաղթանակը։

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Իտալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ անչափ ուրախ է այս հրաշալի երեկոն իտալացիներին պարգևելու համար։ Արժանին մատուցելով մրցակցին՝ Մանչինին ասել է․ - «Կցանկանայի գլխարկս հանել Իսպանիայի առջև, նրանք հրաշալի թիմ են»։