Բարձր աստիճանի վարակելիությամբ հայտնի կորոնավիրուսի «դելտա» տարբերակն արձանագրվել է մոտ հարյուր երկրներում և տարածաշրջաններոտւմ: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Նրա խոսքով, «դելտան» (վիրուսի հնդկական շտամը) շատ վտանգավոր է և շարունակվում է ենթարկվել մուտացիաների, ինչն էլ ավելի է բարդացնում բժիշկների աշխատանքը:
Ֆրանսիայում ախտահարումների մեկ երրորդը կորոնավիրուսի «դելտա» տարբերակով է: Առողջապահության նախարար Օլիվե Վերանն ասել է, որ չի բացառվում համավարակի նոր ալիք:
«Այդ «դելտա» տարբերակը չափազանց վարակիչ է: Մեկ շաբաթում ախտահարումների թիվն ավելացել է 75 տոկոսով: Մենք պետք է գիտակցենք մի բան՝ այսօր չկա համավարակի վերադարձ, բայց եթե կորոնավիրուսի «ալֆա» (բրիտանական) տարբերակի և մյուս տարբերաների տարածումը նվազում է, «դելտայինը» բարձրանում է»,- ասել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը:
Նախարարը չի բացառում, որ Ֆրանսիայում առողջապահության համակարգի աշխատողների համար պարտադիր կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստումը: