Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Մովսես Հակոբյանի նկատմամբ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) քրեական գործ է հարուցել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է գաղտնիքի հրապարակմանը առանց դավաճանության հատկանիշների։

ԱԱԾ-ն հաղորդում է, որ կատարված քննության արդյունքում հիմնավորված է համարում, որ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը 2020 թվականի նոյեմբերի 19-ին հարցազրույցներից մեկի ընթացքում հրապարակել է «պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ», մասնավորապես սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունների, զարգացման ծրագրերի, զինված ուժերի կիրառման ծրագրերի և այլ հարցերի շուրջ։

Ինքը՝ Մովսես Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ մեղադրանքը չափազանց ընդհանրական է. «Ընդհանրապես կապ չունի ինձ հետ»:

Ազգային անվտանգության ծառայությունը նաև հայտնեց, որ գործն արդեն ուղարկել են դատախազություն հաստատման, ապա դատարան ուղարկելու համար, Հակոբյան ասաց, թե կասկածում է, որ դատախազությունն այն կհաստատի։

Բարձրաստիճան զինվորական նախկին պաշտոնյայից նաև հետաքրքրվեցինք՝ համարո՞ւմ է արդյոք այս քրեական գործն իր հանդեպ քաղաքական հետապնդման փորձ է։ «Ես քաղաքական գործիչ չեմ, որ ինձ հետապնդեն», - պատասխանեց Հակոբյանը:

Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ին պատերազմի դադարից օրեր անց ծավալուն ասուլիս էր տվել Երևանի մամուլի ակումբներից մեկում, որի ընթացքում խոսել էր զենքի գնումներում թույլ տրված սխալների, զորահամալրման գործընթացի թերացումների, առաջնագծից հազարավոր մարդկանց փախուստի և պատերազմի ձախողման այլ պատճառների մասին։

«Առաջինը եկել է «Պոլե 21», որը մոտ 4 օր «Բայրաքթարների» թռիչքն ամբողջ Արցախի տարածքում սահմանափակել է, բայց հակառակորդը կարողացել է շատ արագ փոխել իրենց կառավարման համակարգը և 4 օրից հետո այդ «Բայրաքթարները» հանգիստ թռել են», - նշել է նա:

Հակոբյանն ասում է՝ լավ գիտի պետական գաղտնիքն ինչ է և հայտնի ասուլիսին նման տվյալներ չի հրապարակել. «Ես գիտեմ գաղտնիքն ինչ է և ինչպես պետք է պաշտպանեմ»:

«Ազատության» ճշտող հարցին՝ այսինքն չի հրապարակե՞լ, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:

Այնուամենայնիվ, անցյալ տարի նոյեմբերի ասուլիսին նրան հարց ուղղվեց, թե մտավախություն չունե՞ք, թե այսօրվա հայտարարություններից հետո ձեզ կարող են ձերբակալել: «Բանտում քիչ եմ եղել, մի քիչ էլ կգնամ կնստեմ, որևէ սարսափելի բան չկա, բանտն էլ է մարդու համար», - պատասխանեց Հակոբյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ իր համար հասկանալի՞ է, թե ինչու «Իսկանդերը» չկիրառվեց, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը պատասխանեց. «Կիրառվել է, բայց չեմ ասելու՝ որտեղի վրա»:

Նախկին պաշտոնյաները պետք է ուշադիր լինեն, թե ինչեր են հայտարարում տեսախցիկների առջև, ասում է իմքայլական պատգամավոր, պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը, ավելացնելով, որ մասնավորապես Հակոբյանի գործի մանրամասներին ծանոթ չէ։

«Չարչյանը վենդետա էր, էն մեկը վենդետա էր, այստեղ վենդետա չկա, այսօրվա մեր իրավական դաշտում մարդուն ապօրինի մեղադրանք առաջադրելն անհնար է: Քաղաքական հաշվեհարդար չկա միանշանակ, բայց այն, որ բոլորի հանրային խոսքին պետք է ուշադիր լինել և որ մի շարք նախկին պաշտոնյաներ անցնում են այդ սահմանները և չեն նայում, թե ինչ ազգային անվտանգության խնդիրներ են առաջացնում, ինչ ասես հայտարարում են, սկսած Արցախից վերջացրած Հայաստանի Հանրապետությամբ, սրանց հանդեպ պետք է շատ ուշադիր լինել», - ասաց Խաչատրյանը:

Գլխավոր շտաբի նախկին պետի նոյեմբերին արած հայտարարությունները մեկ այլ քրեական գործի նյութ ևս ծառայել են, որով Մովսես Հակոբյանն արդեն ոչ թե մեղադրյալի, այլ վկայի կարգավիճակում է: Հատուկ քննչական ծառայությունը քննում է նրա մի շարք հայտարարությունները տարբեր պաշտոնյաների արաքների վերաբերյալ պատերազմի ընթացքում, որոնցից ամենամեծ ուշադրությանն արժանացել էր Հակոբյանի հայտարարությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով պատերազմի 3-րդ օրը կանգնեցվել է բանակի լրահամալրման գործընթացը։