Տարին Հայաստանը կփակի 6 տոկոս տնտեսական աճով. Փաշինյան

Այս տարի Հայաստանը տնտեսությունը կփակի 6 տոկոս տնտեսական աճով՝ գրեթե երկու անգամ ավելի, քան կառավարությունը սպասում էր անցած տարվա վերջին՝ 3.2 տոկոս։

Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. - «2021 թվականի համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց գոհունակությամբ պիտի նշեմ, որ հընթացս տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև: Եվ հիմա 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ: Բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավական հաջող, ինչպես արդեն ասել եմ, իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, և այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում»:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով, այս տարվա առաջին կիսամյակում հավաքվել է 750,2 միլիարդ դրամ հարկ, մինչդեռ նախատեսված էր 697,7 միլիարդ դրամ։ Այսինքն՝ ՊԵԿ-ը կարողացել է ծրագրվածից ավելի հավաքել 52,5 միլիարդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ անցած տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ը հավաքել էր 680,3 միլիարդ դրամ, 2019-ին՝ 713,4 միլիարդ, իսկ 2018-ին՝ 572,9 միլիարդ դրամ։

Գործադիրի նիստից հետո Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը լրագրողներին հիշեցրեց տարին երկնիշ տնտեսական աճով փակելու նախկինում հնչեցրած իր հայտարարությունները և ընդգծեց՝ անգամ 6 տոկոս տարեկան աճը բավականին պահպանողական է, և 2021 թվականին երկնիշ աճ ունենալը մնում է ծրագրերում. - «Արդեն վերջին երկու շաբաթվա ընթացքում համարյա բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Կենտրոնական բանկը և արդեն նաև Կառավարությունը ճշգրտել են իրենց կանխատեսումները՝ էապես բարձրացնելով այն։ Ես կարծում եմ, որ սա շատ լավ նշան է, և պետք է բիզնեսը հասկանա, որ ընդհանուր շուկայի նկատմամբ, կամ տնտեսության նկատմամբ կանխատեսումները բավականին դրական են, և օգտագործեն այս հնարավորությունները՝ ընդլայնելու իրենց ներդրումները, ընդլայնելու իրենց գործունեությունը»։

Անցած տարին, գլխավորապես պայմանավորաված կորոնավիրուսով և 44-օրյա պատերազմով, Հայաստանը տնտեսությունը փակեց 7,4 տոկոս անկմամբ՝ առաջին անգամ նվազում գրանցելով 2009 թվականից ի վեր։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի խոսքով, այս տարին Հայաստանը կարող է փակել ավելի բարձր տնտեսական աճով՝ մինչև 8 տոկոս, եթե չկրկնվեն նախորդ տարվա իրադարձությունները՝ լայնածավալ ռազմական գործողություններ կամ համավարակի նոր ալիք, որի հետևանքով կսահմանափակվի տնտեսական գործունեությունը։

Ըստ տնտեսագետի, համավարակին հաջորդող բարձր տնտեսական աճը բնորոշ է ոչ միայն Հայաստանին։ Նույն միտումն է նկատվում բազմաթիվ երկրներում, նաև հարևան Վրաստանում. - «Հայաստանի դեպքում պատճառները մի քանիսն են։ Տրանսֆերտների հոսքը դեպի Հայաստան՝ պայմանավորված նրանով, որ 2020 թվականին շատ աշխատանքային միգրանտների չհաջողվեց մեկնել Ռուսաստանի Դաշնությունը սեզոնային աշխատանքի։ Այս տարի նրանք ավելի մեծ քանակությամբ են գնացել, քան 2020 թվականի ընթացքում։ Դրական դեր կարող է խաղալ Հայաստանի դեպքում նաև արտահանման աճը, հատկապես մետաղական հանքաքարի մասով։ Նաև կարծում ենք, որ ընդհանուր սպասումները, հետընտրական գործընթացները ավելի կայունություն մտցրեցին, և այն ներդրողները, որ որոշակի սպասողական վիճակում էին և սպասում էին հետագա ներդրումներ կատարելու, ավելի վստահ կլինեն իրենց քայլերում և ներդրումներ կկատարեն»։