Մատչելիության հղումներ

Դառնում ենք ավելի ընկալելի Եվրամիության անդամ երկրների ավիաընկերութունների համար. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչ


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյան
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյան

Եվրամիություն - Հայաստան ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը, ըստ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցչի, կարող է օգնել, որպեսզի Հայաստանում գրանցված ավիաընկերությունները ավելի արագ դուրս գան Եվրամիության «սև ցուցակից»։

Եվրահանձնաժողովը անցած տարվա հունիսին արգելել էր Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերություններին թռչել Եվրամիության տարածքում: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր՝ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։

«Սև ցուցակի մեջ ընկնելուց սկսած մենք արդեն իսկ տանում ենք ծավալուն աշխատանքներ եղած բացերը լրացնելու և ուղղելու ուղղությամբ։ Սա պարզապես կնպաստի դրանց արագացմանը», - ասաց կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը։

Եվրոպական միության խորհուրդը երեկ հավանություն է տվել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր ստորագրելուն։ Սա, ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության, թույլ կտա բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին և ավիաընկերություններին, նոր թափ կհաղորդվի առևտրի, զբոսաշրջության, ներդրումների խթանմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«Դա առաջին հերթին հնարավորություն է տալիս ավիաընկերություններին ավելի ազատական իրենց որոշումները կայացնեն։ Չկան որևիցե սահմանափակում հաճախականությունների, շաբաթական չվերթների քանակի, քաղաքների սահմանափակումներ, ավիաընկերությունների կողմից այլ տարբեր տիպի սահմանափակումներ։ Եվ ամենակարևորը մեզ համար, որպես Հայաստանի Հանրապետություն, տալիս է կարևոր մի պայման, որ մեր երկիրը ստանձնում է պարտավորություն իր կողմից ամբողջությամբ ավիացիայի ոլորտի Եվրամիության կանոնակարգերն ու օրենքները ներդնել Հայաստանում։ Այսինքն՝ մենք դառնում ենք ավելի ընկալելի Եվրամիության անդամ երկրների ավիաընկերութունների համար»։

Սակայն, նրա խոսքով, համաձայնագրի ստորագրումով չպետք է ակնկալել, որ նոր ավիաընկերությունների հոսք կլինի։ - «Պնդում եմ, որ սա չէ կարևորագույն նախապայմանը, որովհետև ներկայումս էլ Եվրամիության մոտ 6-7 ավիաընկերություն թռիչքներ իրականացնում է Հայաստան առանց այս համաձայնագրի։ Ամեն մի երկրի հետ ունեցած համաձայնագրի շրջանակում։ Եվ ունենք ԵՄ երկրներ, որոնց հետ ընդհանրապես չունենք համաձայնագիր։ Բնականաբար, սա տալու է ազդակ, որ ավելի իրենց համար ընկալելի գործընկեր ենք. Բայց միևնույն ժամանակ, բոլորս հասկանում ենք, որ ավիացիան բիզնես ա իրենից ներկայացնում, պետք է բիզնես շահեր ունենան, որպեսզի թռիչքները սկսեն»։

Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա աշնանը, բայց ուժի մեջ կմտնի մոտ երկու տարուց։ Հայաստանն էլ իր հերթին պարտավորվում է ավիացիայի ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ ու կարգեր ընդունել։
«Մենք պարտավորվում ենք մեր թույլտվությունների տրամադրման ամբողջ կանոնակարգը համապատասխանեցնել իրենց, «Ավիացիայի մասին» օրենքը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին։ Մեր թռիչքային անվտանգության վերաբերող հսկայական մեծ բլոկը՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից էդ փաթեթը որ կա կարգերի, օրենքների, ռեկոմենդացիաների, այդ ամբողջը պետք ա դրվի։ Ուղևորների և սպառողների շահերի պաշտպանությանը վերաբերող մեծ օրենք ա, որը էս պահին Հայաստանի Հանրապետությունում ավիացիան վերաբերող ներդրված չի՝ «Ավացիայի մասին» օրենքում մի փոքր դրույթ կա, այս փուլում մենք առանձին օրենք ենք ունենալու»։

XS
SM
MD
LG