Ավանդական ոռոգումը պետք է փոխարինել կաթիլայինով․ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Ավանդական ոռոգումը պետք է փոխարինել կաթիլայինով, այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մասնավորապես ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները:

«Այս փոփոխությունները՝ կլիմայական, մեզ հանգեցնում են եզրակացության, որ եթե շատ չոր ձևակերպենք, ավանդական ոռոգումն ընդհանրապես որպես այդպիսին ապագա չունի։ Մեր գլոբալ ռազմավարությունը պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Մենք, ինչպես նախընտրական շրջանում ասել ենք, առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը։ Հապաղելու և հետաձգելու ժամանակ չկա», - ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է՝ արձանագրել են ջրամբարների կառուցման և ջրի ամբարման ծավալների մեծացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես պետք է շատ արագ սկսել:

«Այսինքն՝ անհետաձգելի այդ գործընթացները, մեկ տասնյակից ավելի ջրամբարների շինարարության աշխատանքը պետք է սկսել: Բայց այսօր մեր խնդիրն է հասկանալ, թե այս տարվա և նաև հաջորդ տարվա ընթացքում ինչ պետք է անել: Որովհետև, որքան էլ լավ աշխատենք, ցավոք, հնարավոր չի լինի մեկ կամ երկու տարվա ընթացքում հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը փոխել, և պետք է, ըստ էության, աշխատենք այդ տրամաբանությամբ և ռեժիմով», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով ստեղծել աշխատանքային խումբ, որը համակարգված աշխատանք կիրականացնի գյուղոլորտի խնդիրներին օպերատիվ արձագանքելու և միաժամանակ ինստիտուցիոնալ լուծումներ, զարգացման տրամաբանությամբ աջակցության ծրագրեր մշակելու ուղղություններով։

Հայաստանի մի շարք մարզերի բնակիչներն ահազագում են՝ ոռոգման ջուր չունեն, հողերը մնացել են անջրդի, բերքը կորցնելու վտանգի առաջ են կանգնած։ Այսօր Շիրակի մարզի Ազատան և Բենիամին համայնքների բնակիչները մեկ ժամից ավելի փակ էին պահել Գյումրի-Երևան մայրուղին, ոռոգման ջուր էին պահանջում։