Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վաղը քննարկելու են հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում։
Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Թուրքիա՝ Անթալիա, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների համար։
Հանդիպման ընթացքում երկու երկների արտգործնախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։
Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ քննարկվելիք տարածաշրջանային հարցերի ցանկում առաջինը նշված է իրավիճակը Հարավային Կովկասում։
Հիշեցնենք՝ անցած շաբաթ հետպատերազմյան վիճակը քննարկել էին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները․ հունիսի 24-ին Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Էրդողանին էր զանգել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո։
Այս օրերին Բաքուն, Անկարան և Մոսկվան ակտիվ քննարկում են նոյեմբերի 10-ին և հունվարի 11-ին ստորագրված եռակողմ համաձայնագրերը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Հայաստանում հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այդ քննարկումներն ակտիվացել են։
Միայն այս տարի Պուտինն ու Էրդողանը 6 հեռախոսազրույց են ունեցել և քննարկման հիմնական թեման եղել է հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում։
Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունը բնութագրվում է բարձր ինտենսիվությամբ չնայած աշխարհում բարդ սանիտարահամաճարակային իրավիճակին։ Ամուր կապեր են հաստատվել նաև երկու երկրների արտգործնախարարությունների միջև․ վերջին անգամ, օրինակ, Չավուշօղլուն և Լավրովը հանդիպել են մարտի 10-ին՝ Դոհայում։
Վաղը Անթալիայում, բանակցությունների ընթացքում, նախատեսվում է անդրադառնալ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի, կքննարկվեն իրավիճակն Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, նախատեսված են առարկայական քննարկուներ սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ընթացքի շուրջ՝ Սիրիայում այս տարի մայիսի 26-ին կայացած նախագահական ընտրությունների ֆոնին, նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը․ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, չնայած քովիդի համաճարակին, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 22,5 տոկոսով՝ հասնելով 9․1 միլիարդ դոլարի։
Հավելենք նաև՝ Թուրքիան որոշել է արտադրել քովիդի դեմ ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութը, իսկ մի քանի օր առաջ Մոսկվան հանել է դեպի Թուրքիա թռիչքների արգելքը։