Եվրամիության համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը, շեշտել են արտգործնախարարները

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող՝ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին և նրանց ուղեկցող պատվիրակությանը:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել են, որ տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և ԵՄ Արևելյան գործընկերության կարևորությունը, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցության առումով դիվանագետները նշել են, որ այս տարվա դեկտեմբերին նախատեսվող՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ՝ ցանկանում են տեղեկանալ գագաթնաժողովից Հայաստանի ակնկալիքների մասին:

Նախագահ Սարգսյանն ու եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել պատերազմից հետո երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Նշել են, որ Եվրամիության համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը, և իրենք ցանկանում են ներդրում ունենալ այդ հարցում:

Նախագահ Սարգսյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին՝ շեշտելով, որ այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը: