«Հայաստան» դաշինքի կողմից ընտրողների վրա հնարավոր ապօրինի ազդեցություն ու ընտրակաշառքի բաժանման դեպքեր. նման կասկածներ ունի «Անկախ դիտորդը», որը քվեարկության տվյալներն ուսումնասիրելով պարզել է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ առավոտյան ժամերին կուտակումներ են եղել, Հայ հեղափոխական դաշնակցություն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները միավորող դաշինքը միջինից ավելի ձայներ է ստացել։
«Այն տեղամասերում, որտեղ մասնակցել է առավել մեծ տոկոսը, առավել բարձր են վերջում արձանագրվել «Հայաստան» դաշինքի ձայները։ Եվ այդպիսի տեղամասերում առավել ցածր են եղել «Քաղաքացիական պայմանագրի» ձայները։ Ինչպես տեսում եք, «Պատիվ ունեմ»-ինը համարյա չի փոխվում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Իոաննիսյանն ուսումնասիրության արդյունքները մտահոգիչ է որակում, ասում է, թե նման պատկեր սովորաբար գրանցվում է ընտրողների վրա հենց ապօրինի ազդեցությունների, ընտրակաշառքի բաժանման դեպքում։
«Անկախ դիտորդի» ներկայացուցիչները միևնույն ժամանակ ընդգծում են, որ իրենց ուսումնասիրության արդյունքները հանցագործության ուղղակի ապացույց չեն։
«Նման գործողությունների դիմող անձինք իրենց կողմից վերահսկված ընտրողներին առավոտյան են բերում ընտրական տեղամասեր և փորձում տեսնել, թե էլ ով չեկավ, որպեսզի մինչև երեկոյան ժամը ութը հասցնեն բերեն։ Շատ մոտավոր հաշվարկ է դա, բայց խոսքը մոտ ութսուն հազար ընտրողի մասին է» (Դանիել Իոաննիսյան)։
Հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը հնարավոր է ընտրողների վրա ապօրինի ազդեցություն է ունեցել՝ այդ թվում ընտրակաշառք բաժանելը, դաշինքից արձագանքեց նախընտրական ցուցակի երկրորդ համար Իշխան Սաղաթելյանը։ Հայտարարության հեղինակի անունը լսելուն պես նա կարճ կապեց։ - «Գլուխը պատին ա տալի։ Ես դրա ասածը չեմ մեկնաբանում»։
Զինծառայողների մասնակությամբ քվեարկության տեսանյութին էլ անդրադարձան հասարակական դաշինքի ներկացուցիչները։ Արդյո՞ք զինվորները քվեախցիկից պատրաստի քվեաթերթիկով ծրար են վերցնում ու դուրս գալիս։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ կուսումնասիրեն ու կպարզեն, արդեն հայտնի է, թե որ ընտրատեղամասում է դեպքը գրանցվել. - «Առաջիկա ժամերին մենք կստանանք ամբողջական տեսանյութը և ամբողջական տեսանյութով կկարողանանք... Հա'մ որակյալ տեսանյութը, հա'մ էլ ավելի երկար ժամանակահատված։ Այսինքն՝ զինվորների քվեարկությունը սկզբից, իրենց տեղամաս մտնելու պահից մինչև տեղամասից դուրս գալու պահը ամբողջությամբ նայվի և տեսնվի, թե ինչ են անում։ Որովհետև այդ տեսանյութի մեջ շատ բան անհասկանալի է, անհստակ է»։
Դիտորդական դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն այստեղ ընտրությունների թափանցիկության խնդիր է տեսնում, ասում է՝ դիտորդները նախօրոք չգիտեն, թե զինծառայողները որտեղ են ընտրության մասնակցում։ - «Գաղտնի է համարվում։ Ես կարծում եմ, էստեղ մենք խնդիր ունենք ընտրությունների թափանցիկության և հաշվետվողականության, մյուս կողմից՝ զինծառայողների թվի գաղտնիության հետ։ Էդ գաղտնիության հարցը ընտրությունների օրը, կամ ընտրությունների ժամանակ ինչ-որ ձևով պետք ա լուծվի, որպեսզի դիտորդական առաքելություն իրականացնողները կարողանան նաև կանխարգելիչ որոշակի գործողություններ իրականացնեն»։
«Ազատությունը» հետաքրքրվեց, թե արդյոք ընտրությունների օրը դիտորդներն ահազանգեր ստացել են զինծառայողներին ուղղորդելու մասին։ Միայն մեկ դեպքի մասին նշեց Սաքունցը. - «Մի ահազանգ ստացել են ոչ թե քվեարկության, այլ զինվորին զինծառայության վայրում պարտադրելու այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկության։ Մայրը հանդես ա եկել, մենք էդ հաղորդումը ուղարկել ենք»։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքում նաև արձանագրում են, որ քվեների վերահաշվարկն էական ազդեցություն չի ունեցել քվեարկության վերջնարդյունքի վրա։ Անճշտությունները, ասում են, հիմնականում մուտքագրման հետ են կապված եղել։
Ընտրությունների նախնական արդյուքներով խորհրդարան են անցելու երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ» ունեմ դաշինքները։