Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտգործնախարարները տարածաշրջան այցի մեկնարկին համատեղ ասուլիս են տվել Բուխարեստի օդանավակայանում։
«Հարավային Կովկասի կայունությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը շատ սերտ կապ ունի Եվրամիության կայունության, խաղաղության ու բարեկեցության հետ: Դա շատ պարզ է, այդ տարածաշրջանը մեր մերձավոր հարևանն է, մենք պետք է ներգրավված լինենք», - ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգը, նշելով, որ Եվրամիությունը պետք է մասնակցի տարածաշրջանում ընթացող պրոցեսներին:
«Մենք այնտեղ շահեր ունենք, մենք չենք կարող և չպետք է Հարավային Կովկասը հանձնենք այլ խաղացողների»,- ասել է Ավստրիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։
Շալլենբերգի խոսքերով` անցած տարվա ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե որքան անկայուն է իրավիճակը տարածաշրջանում, թե որքան դաժանորեն, որքան արագորեն կարող են բռնկվել սառեցված հակամարտությունները։ Չնայած հաշտությանն ուղղված քայլերին` մի փոքր կայծ կարող է հանգեցնել հակամարտության բռնկման կրկնությանը։ Նա ասել է, որ այցը կատարվում է ժամանակին և շատ կարևոր պահի` իրենց հետ տանելով Եվրամիության հստակ ուղերձը.
«Մենք հավատում ենք, որ Եվրամիությունը, համագործակցելով ԵԱՀԿ-ի և միջազգային այլ ինստիտուտների հետ, կարող է խաղաղության իր ներդրումն ունենալ տարածաշրջանում, նպաստել փոխվստահության ձևավորմանը, քաղաքական գործընթացին հասնելու համար կայուն և հարատև կարգավորման»։
«Ղարաբաղի վերքերը պետք է բուժվեն, այլապես հետագայում մենք կարող ենք բախվել ավելի մեծ խնդիրների»,- ասել է Ավստրիայի արտգործնախարարը:
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսն ասել է, որ տարածաշրջան են մեկնում Եվրամիության ներգրավվածության հստակ մեսիջով, և նշել, որ այցը կատարվում է ճիշտ ժամանակին։ Նա երկու պահ է ընդգծել` պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը դեռ լուծված չէ։
«Մենք կարող ենք խոսել երկու երկրների առաջնորդների հետ, ճանապարհներ փնտրել լուծում գտնելու համար։ Կարծում եմ` Եվրամիությունն այստեղ դերակատարություն ունի», - նշել է նա:
Եվրամիության պատվիրակության այցը ճիշտ ժամանակին կատարելու երկրորդ պահը Լիտվայի արտգործնախարարը նշել է հայաստանյան ընտրությունների ավարտը. «Հայաստանում հենց նոր ընտրություններ անցկացվեցին, որտեղ ժողովուրդն աջակցեց ժողովրդավարամետ ուժերին, ինչն ավելի է ուժեղացնում Հայաստանը, ու հիմա գերազանց հնարավորություն է Հայաստանի առաջնորդների հետ քննարկումների համար»։
Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն ասել է, որ երկար ձգվող հակամարտությունների կարգավորման գործում Եվրամիության դերակատարությունն աճում է։
Նրանք նշել են նաև, որ այցն աննախադեպ է, առաջին անգամն է, որ Եվրամիության երեք երկրների արտգործնախարարներ միասին այցելում են Հարավկովկասյան երկրներ։ Երեք մայրաքաղաքներում նրանք հանդիպելու են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ղեկավարների հետ։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելի մանդատով կատարվող տարածաշրջանային այցի արդյունքները հաջորդ ամիս ներկայացվելու են Եվրամիության ղեկավարներին։
Բուխարեստի օդանավակայանում կայացած մամուլի համատեղ ասուլիսից հետո ԵՄ երեք արտգործնախարարները և նրանց ուղեկցող դիվանագետները Ռումինիայի ռազմաօդային ուժերի կողմից հատկացված օդանավով ուղևորվել են Բաքու։ Այսօր նրանք արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Հետաքրքիր մտքերի փոխանակում տեղի ունեցավ Ավստրիայի, Ռումինիայի ու Լիտվայի արտգործնախարարների հետ։ Մենք խոսեցինք տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանային համագործակցության հեռանկարների և Եվրամիության հետ հարաբերությունների մասին»,- Թվիթերում գրել է Ջեյհուն Բայրամովը։