Վերահաշվարկի արդյունքում կավելանան «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեները

«Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայները կավելանան մի քանի հարյուրով։ Փոփոխությունը պայմանավորված է 70-ից ավելի տարածքային ընտրական հանձնաժողովներում 3 օր շարունակ իրականացված քվեարկության արդյունքների վերահաշվարկով։

Կենտրոնոկան ընտրական հանձնաժողովը դիմում էր ստացել 27 տեղամասերում վերահաշվարկ կատարելու պահանջով, որոշ տեղամասերում էլ ընտրական հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ էին որոշել վերահաշվարկ կատարել։

9-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն համայնքը, այսօր ևս շարունակվել է վերահաշվարկի գործընթացը։ 9/33 տեղամասում, օրինակ, վերահաշվարկի պահանջով 1 դիմում է ներկայացվել, սակայն այն մերժվել է՝ հիմքով, որ դիմումատուն ներկա չի գտնվել այդ տեղամասում։ Այդուհանդերձ, ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկի որոշում է կայացրել, «Ազատությանը» ասաց 9-րդ տարածքային հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանը։

«Պատճառը ընտրությունների ընթացքում ստացված տարբեր զանգերի, ահազանգերի, ասեկոսեների... Համոզվելու համար, մենք էդ լիազորությունը ունենք, և մենք իրականացնում ենք մեր այդ լիազորությունը։ Եվ մեզ ևս հետաքրքիր էր նշված փաստը, որ դիմումատում նշել էր, արդյոք համապատասպանում է իրականությանը թե ոչ, որը չհաստատվեց։ Մասնավորապես, խնդիրը վերաբերում էր դիմումատուի կողմից մատնանշված 63 ձայն ստանալուն, որ իր կուսակցությունը ստացել էր 63, բայց արձանագրության մեջ նշվել էր 3-ը։ Մեր ստուգումից հետո պարզվեց, որ ինչպես նշված է արձանագրության մեջ, այսինքն՝ վաթսուն ձայնի մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Կարծեմ, «Զարթոնքի» մասին էր»։

9/33 տեղամասում այսօր շարունակված վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները 2-ով պակասել են, դրանք համարվել են անվավեր։ Մեկը առանց դրոշմակնիքի է եղել, մյուսի վրա էլ գրիչով նշում էր արված, հետևաբար քվեաթերթիկը համարվել է անվավեր։

9/32 ընտրատեղամասում էլ անվավեր ճանաչված 2 քվեաթերթիկները պատկանել են «Ինքնիշխան Հայաստանին». ընտրողները պատռել էին քվեաթերթիկը ու ծրարի մեջ դրել մի կտորը միայն: Հունիսի 22-ին և 23-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց ու դիտորդների ներկայությամբ կատարված վերահաշվարկների արդյունքում, որը ներառում է 65 տեղամասերի արդյունքները, արձանագրվել է հետևյալ պատկերը. ամենաշատը՝ 744-ով, ավելացել է «Հայաստան» դաշինքի ձայները, 659-ով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները։

Հիմնական անճշտությունները հենց այս երկու քաղաքական ուժերի դեպքում էր գրանցվել։ Խորհրդարան մտնող երրորդ ուժի՝ «Պատիվ ունեմ» դաշինի ձայները ավելացել են 5-ով։ Քաղաքական մյուս ուժերից «Միասնական հայրենիք», «Հանրապետություն», «Ազգային պահպանողական շարժում» կուսակցությունների ձայները ավելացել են 1-ով, «Հայոց Հայրենիք» կուսակցությանը՝ 2-ով, «Բարգավաճ Հայստանինը»՝ 5-ով, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքինն» ու «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ձայները՝ 52-ով։

Որոշ քաղաքական ուժերի դեպքում նաև ձայների նվազում է եղել. մասնավորապես, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ձայները պակասել են 60-ով, «Վերելք» կուսակցության ձայները՝ 19-ով, «Ազատ հայրենիք» դաշինքինը՝ 10-ով, «Արդար Հայաստան» կուսակցության ձայները՝ 8-ով, «Զարթոնք» և Ազատական կուսակցությունների դեպքում՝ 2-ով, իսկ «Լուսավոր Հայաստան», «Ազգային օրակարգ» և «Հայաստանի եվրոպական» կուսակցություններինը՝ 1-ականով։ 15 տեղամասերում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Այսօր վերահաշվարկը շարունակվել է 3 ընտրատարածքներում՝ Կենտրոն վարչական շրջանի 9-րդ ընտրատարածքում, Գորիսի 34 և Վարդենիսի թիվ 23 ընտրատարածքում, վերջնական տվյալների ամփոփումը կհրապարակվի ավելի ուշ։

Վերահաշվարկի արդյունքները խորհրդարան մտնող ուժերի փոփոխության չեն բերի։ Համաձայն նախնական արդյունքների, խորհրդարան է անցնում երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է ձայների 53,92 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ քվեների 21,04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը։

Ընտրության վերջնական արդյունքները` վերահաշվարկների արդյունքում կատարված փոփոխություններով հանդերձ, կհրապարակվեն առաջիկա կիրակի օրը` հունիսի 27-ին։