Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցությունների շրջանակում շարունակում է հանդիպումները

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր առանձին հանդիպումներ է ունեցել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի, «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

«Մենք ասել ենք, որ Հայաստանում չունենք թշնամի և վստահաբար գնում ենք առաջ: Ինչպես Դուք նշեցիք, ունենք խնդիրներ. կան ընդդիմադիր ուժեր, որոնց հետ որևիցե քայլ մենք չենք պատկերացնում, բայց կան հարցեր, որոնք պետք է նստենք, միասին հասկանանք, որովհետև սա մեր պետությունն է, որևիցե մեկը մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր ուժերով կարողանանք դուրս գալ այս վիճակից», - ասել է Դավիթ Սանասարյանը:

Տիգրան Ուրիխանյանն էլ հանդիպմանը նշել է՝ եթե իրենք իրենց առաջարկներով, այդ թվում՝ նախընտրական շրջանում հնչեցրած ծրագրային դրույթներով, կարող են նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, դա իրենց համար կլինի գոհացուցիչ:

«Ես, իհարկե, խոսում եմ «Ալյանս» կուսակցության անունից, որովհետև մենք ձևավորեցինք հուշագրի հիման վրա միասնական նախընտրական ցուցակ՝ 2 կուսակցություններից և մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչների կազմից բաղկացած: Բայց վստահ եմ, որ կարծիքս կիսում են նաև մյուս գործընկերները, ովքեր մեզ հետ մասնակցել են կամ վստահ եմ՝ շատերը, ովքեր այդ թվում մեզ հետ չեն մասնակցել, բայց առնվազն բանակցել են», - ասել է Ուրիխանյանը։

Ընդգծելով, որ իրենց համար այս ընտրությունների արդյունքները վիճարկելի չեն՝ Միքայել Հայրապետյանն էլ շեշտել է՝ ազգային համաձայնության անհրաժեշտություն կա:

«Նախ, մեզ համար՝ «Պահպանողական կուսակցության» համար, բացարձակապես վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները, ինչի մասին հաջորդ օրն իսկ մենք հայտարարություն ենք արել՝ դրանով դադարեցնելով մեր նախընտրական «Ազատ Հայրենիք» դաշինքում «Պահպանողական կուսակցության» ներկայությունը: Այնպես որ, այդտեղ խնդիր չկա՝ այո, վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները: Բայց, ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության անհրաժեշտություն կա: Դրա հակառակը Հայաստանում քաոսն է, որը հայկական օրակարգ չէ, և մենք ոչ միայն չենք սպասարկի, այլև դեմ կգնանք այդ քաոսին, որ ուժի կողմից էլ այն հրահրվի», - ասել է Հայրապետյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկվանից երկխոսություն է սկսել ընտրության մասնակից այն ուժերի հետ, որոնք, ինչպես ինքն է նշել, հակված են երկխոսելու։

Երեկ նա առանձին հանդիպումներ է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի, Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի, «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ: