Հայաստանի մի շարք ընտրատեղամասերում այսօր վերահաշվարկ էր ընթանում, թե ինչ արդյունքներ է տվել այն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դեռ չի հաղորդում, ասում են՝ սպասում են վերահաշվարկ անցկացնող բոլոր տեղամասերի տվյալներին։
Օրվա ընթացքում սոցցանցերում ահազանգում էին՝ Կապանի ընտրատեղամասերից մեկում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին ձայները արձանագրության մեջ 0 են նշվել, փոխարենն արձանագրվել են այլ ուժի օգտին։ Թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին՝ տեխնիկական վրիպակ է, մուտքագրողի սխալն էր, որն ուղղվելու է։ Այս վրիպակը թույլ տված ընտրատեղամասում վերահաշվարկ այսօր չի անցկացվել, փոխարենն ընտրատարածքի մեկ այլ տեղամասի վերահաշվարկի արդյունքում պարզվել է՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել է ոչ թե 4, այլ 49 քաղաքացի։
«Հայաստան» դաշինքը կիրակի կայացած արտահերթին, նախնական տվյալներով, հավաքել է 268 հազար 300 ձայն, ընդհանուր քվեների 21,04 տոկոսը և 8-րդ գումարման Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցությունը կլինի։
Վերահաշվարկ է կատարվել նաև մայրաքաղաքի մի շարք ընտրատեղամասերում, «Ազատությունն» այսօր ներկա էր Դավթաշեն թաղամասում տեղակայված 5-րդ ընտրատարածքի երկու տեղամասերի վերահաշվարկին։
«Մեզ մոտ թիվ 5.14 տեղամասային հանձնաժողովն օրվա վերջում՝ քվեարկության ավարտից հետո տեղամասը փակվելուց հետո միանգամյա օգտագործման մեծ պարկը ներկայացրել է բաց վիճակում, որն արձանագրվել է իրենց ներկայությամբ, զմրսվել է, կնիքվել է և վերցրել ենք պահպանության, դրանից հետո անհրաժեշտություն է առաջացել իմ որոշմամբ, որը դրել ենք նաև հանձնաժողովի քննարկմանը և որոշում է ընդունվել, որպեսզի կատարենք վերահաշվարկ», - ասաց թիվ 5 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Պետրոսյանը։
Վերջինիս խոսքով՝ այդ տեղամասի ձայների վերահաշվարկը ցույց տվեց, որ քվեները ճիշտ են բաշխվել, անհամապատասխանություն չկար. «Վերահաշվարկը կայացավ, արդյունքում ստացվեց, որ ձայները տեղաբաշխված էին ճիշտ, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի օգտին տեղաբաշխված ձայները համապատասխանում էին ծրարներում առկա քվեաթերթիկների թվին»։
Մյուս ընտրատեղամասում էլ արձանագրության մեջ մեկ թվի անճշտություն էր հայտնաբերվել. «Որոշվեց, որ սեփական նախաձեռնությամբ, նույն վերահաշվարկ անենք նաև իրենց մոտ»։
Վերահաշվարկն, այդուհանդերձ, պարզեց՝ այս դեպքում էլ ձայները նախապես ճիշտ էին բաշխվել։