Բողոքի ակցիաներ Ստեփանակերտում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով

Արցախում երկրորդ օրն անընդմեջ հանրահավաքներ են. մի խումբ քաղաքացիներ երեկ հավաքվել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ պահանջելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ցույցերի պատճառն Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանում նախօրեին կայացած արատահերթ ընտրությունների նախնական արդյուքներով հաղթող ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանին հաջողություն մաղթելն էր։

«Այսօրվա իշխանություններն այլևս չեն կարող ներկայացնել արցախցուն դրսում, կամ թեկուզ՝ Հայաստանում։ Նորից եմ կրկնում՝ արցախցին Նիկոլ Փաշինյանի չի կարող շնորհավորել»,- հայտարարում էին ցուցարարները։

Ավելի վաղ էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին Արայիկ Հարությունյանին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում էին նկատել. հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ շտաբ եկել, Հարությունյանը պատասխանել էր՝ անձնական գործով։

Երեկ Ստեփանակերտի հրապարակում ցուցարարները հայտարարում էին․ - «Հարությունյանը կրակի վրա յուղ է լցրել՝ իմանալով, որ Արցախի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի անունը չի ուզում լսել։ Նա կրակի վրա բենզին լցնելով ամսի 20-ին գտնվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում և նուրբ լարերի վրա է խաղում մեր ժողովրդի»։

Այսօր առավոտյան Հարությունյանն իր ֆեսյբուքյան էջում գրեց՝ Ստեփանկերտի Վերածննդի հրապարակում ուղերձով է հանդես գալու՝ հաշվի առնելով «այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը»։

Նույն վայրում մեկ ժամ ավելի ուշ ցույց անցկացնելու մասին հայտարարել են նաև երեկվա ակցիայի մասնակիցները։

Այս ակցիաներին զուգահեռ պատերազմից հետո իրենց տունը կորցրած հադրութցիների խնդիրների մասին բարձրաձայնող Մերի Դավթյանը՝ Արայիկ Հարությունյանից «արժանապատվության վերականգնման» պահանջով իր ընտանիքի հետ անժամկետ հացադուլ է հայտարարել։

«Էս մտադրությունն ու տրամադրությունը ճիշտն ասած այս 8 ամիսների ընթացքում ունեինք, նենց չի որ էսօր որոշեցինք», - ասաց Դավթյանը։

Հարցին, թե արդյո՞ք Արցախի նախագահի ընտրությունների օրը «Քաղաքացիական պայմանագրի» շտաբում գտնվելն էր նաև հացադուլ հայտարարելու պատճառը, Մերի Դավթյանը պատասխանեց․ - «Իմ առաքելությունն էս ակտով՝ «արժանապատվության վերականգնման», որովհետև չի կարելի ութ ամիսների ընթացքում ժողովրդի հետ երկխոսություն չունենալ ու չասել՝ «ինձ կա՛մ ներեք, կա՛մ դատապարտեք, կա՛մ խաչեք», կամ՝ ինչ կարգավիճակով ենք ապրելու, ինչ անվտանգության երաշխիքներով, մի բան»։