Նոր լեգիտիմությունը թույլ կտա Փաշինյանին հաստատակամ գործել անվտանգության հարցերում 

Ընտրություններում հաղթանակը և նոր լեգիտիմությունը թույլ կտա Նիկոլ Փաշինյանին հաստատակամ գործել Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերում, «Ազատության» հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստանի առջև ծառացած անվտանգային, արտաքին քաղաքական խնդիրները, որոնք հատկապես սրվել են 44-օրյա պատերազմից հետո, չեն անհետացել, և նոր կառավարության թիվ մեկ խնդիրն է լինելու զբաղվել նախևառաջ անվտանգության հարցերով։

«Այս ընտրությունների արդյունքներն ու նոր Ազգային ժողովը հիմք են նրա, որ մենք կսկսենք աշխատանքը միջազգային հանրության հետ։ Հիմա կոնկրետ մարտահրավերները․ պարզ է` հարցերը կապված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, հարցերը կապված սահմանների ու ադրբեջանցիների հետ վեճերի, հարց կապված Ադրբեջանի զորքերի տեղակայումը Հայաստանի տարածքում, պարզ է՝ առաջնահերթ հարցերն են, ստեղ պետք է գումարենք նաև գերիների հարցը», - ասաց Գրիգորյանը։

Քվեարկության ավարտից ժամեր անց, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր-երկրներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար․ - «Ես չեմ նշի մանրամասներ, թե ինչ աջակցություն է եղել, ես ուղղակի հարկ եմ համարում, որ այսօր այստեղ` հիմա, այդ շնորհակալության խոսքերը հնչեն։ Ես շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Միխայիլ Միշուստինին այս ընթացքում իրենց ցուցաբերած աջակցության համար Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։ Շնորհակալություն եմ հայտնում Միացյալ Նահանգների վարչակազմին՝ նախագահ Բայդենի գլխավորությամբ այս ընթացում Հայաստանի Հանրապետությանը, նրա ժողովրդին ցուցաբերած աջակցության համար, շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին»։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև Եվրամիության, Իրանի, Վրաստանի ու Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղությունը ամենակարևոր օրակարգն է։

«Եթե Հայաստանը կարողանա աշխատել աշխարհի հետ, զարգացումները կլինեն դրական մեզ համար, ինչի՞ մասին է խոսքը․ պարզ է՝ կա Ռուսաստան, Ռուսաստանի միջոցով էլ պետք է փորձենք համոզենք ադրբեջանցիներին դուրս գալ մեր տարածքից, չէ, նույնը համոզել Ադրբեջանին վերադարձնել գերիներ, բայց եթե Ռուսաստանի միջով չի աշխատում մեխանիզմը, պետք է սկսենք աշխատել այլ խաղացողների հետ», - եզրափակեց Գրգորյանը։