Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) այսօր հաղորդում է ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով ևս 5 անձի ձերբակալության մասին:
Հաղորդագրության համաձայն՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված և ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ, նախնական համաձայնությամբ, Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար «ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով առաջարկել, խոստացել և տրամադրել են կաշառքի տեսքով տարբեր չափի գումարներ»:
Քրեական գործով ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի կողմից իրականացվել են համատեղ բազմածավալ օպերատիվ և քննչական գործողություններ, այդ թվում` խուզարկություններ են կատարվել 12 բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են «ընտրողներին կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության փաստերը հաստատող, ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, ինչպես նաև` առանձնապես խոշոր չափերի գումարներ և ընտրողների ցուցակներ»:
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ:
Նախաքննությունը շարունակվում է:
Գիշերը Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ընտրակաշառքի մասով 6 քրեական գործ կա հարուցված, կան ձերբակալվածներ: