Դատախազությունը երեկվա դրությամբ ստացել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 338 հաղորդում, հարուցվել է 26 քրգործ

Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 19-ը, Գլխավոր դատախազությունը ստացել է ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ ընդհանուր 338 հաղորդում և ահազանգ:

Դատախազության հաղորդագրության համաձայն, դրանցից՝ 123-ը ԶԼՄ հրապարակումներ են, 91-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ նաև ստացված դատախազության թեժ գծի միջոցով, 2-ը՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ, 65-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 57-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:

Գլխավոր դատախազության՝ ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 155-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 59-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 64-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն, 18-ը՝ այլ ( Քրեական օրենսգրքի 177-րդ, 137-րդ, 118-րդ, 164-րդ և 308-րդ հոդվածներ):

Դատախազությունը նշում է, որ ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 212 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են Ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: 77-ում առկա տեղեկությունները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ 135-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Ինչպես նշվումէ հաղորդագրությունում, ընդհանուր 338 հաղորդումներից 126-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 35-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 65-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է: 26 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, նշված քրեական գործերով 14 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար, 1-ին՝ ընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մասնակցելուն խոչընդոտելու համար: 7 անձ ունի կասկածյալի կարգավիճակ: 6 անձ կալանավորվել է, 6-ը՝ ձերբակալվել:

Դատախազությունը նշում է, որ ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող 18 այլ դիմումներ, որոնք, սակայն, Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: