Արմեն Չարչյանի փաստաբանների պնդմամբ՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբանների պնդմամբ՝ նրա նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում։ Երեկ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալված հայտնի բժիշկը հրաժարվել է ցուցմունք տալ իրավապահներին համացանցում հրապարակված ձայնագրման փաստով հարուցված քրգործի շրջանակներում։

«Բացառապես գործ ունենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների նկատմամբ ճնշում գործադրելու հետ և ազատ ու հավասար ընտրություններին խոչընդոտելու տեսանկյունից», - ասում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Ըստ ՀՔԾ-ի՝ պատգամավորի թեկնածուն իր աշխատակիցներին հորդորել, պահանջել է պարտադիր գնալ ընտրությունների և որ ընտրություններից հետո վերցնելու է ցուցակները` տեսնելու՝ ով է գնացել, և ով չի գնացել. «Իսկ եթե որևէ մեկը էստեղ նստածներից չի կատարելու իր տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը ու ամբողջ տնօրենությունը բացարձակ նույն, շատ ավելի կոշտ վերաբերմունքն է ունենալու էդ մարդու նկատմամբ», - ասվում է ձայնագրության մեջ։

Ձայնագրության մեջ լսվում է նաև, որ «սա քաղաքական միջոցառում չի, սա քաղաքացիական պարտքը արտահայտելու միջոցառում է, և որ չպետք է սա որպես քարոզչություն ընկալվի»։ Հիշեցնում է, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը պատկանում է Մայր Աթոռին, իսկ վերջինիս դիրքորոշումն է, որ ներկա իշխանությունների օգտին չպետք է քվեարկել։ Ամիսներ առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Պատգամավորի թեկնածուի փաստաբանները ձերբակալման դեմ բողոք են ներկայացրել` նշելով, որ դրա հիմքում որևէ փաստական տվյալ ու որևէ ողջամիտ դատողություն չկա։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կհրապարակվի դատարանի որոշումը։ Միևնույն ժամանակ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի այդ մարմինը համաձայնություն տա պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։

Այսօր գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Չարչյանը ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։ Մինչդեռ Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ընդգծում է, որ Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան արձակուրդի պայմաններում առանց որևէ ծառայողական կախվածության իր գործընկերների հետ տեղի ունեցած զրույցի փաստը, սակայն ոչ այդ անհայտ աղբյուրից հրապարակված, ձայնագրության մեջ արտացոլված խոսակցության բովանդակության փաստը։

«Նրանց հայտարարությունը բացարձակապես սուտ է, սկսենք դրանից, ես վերահաստատում եմ իմ այդ դիրքորոշումը, տեսեք` աշխատակիցների հետ զրույց ունենալը մի բան է, իսկ այդ ձայնագրության մեջ խոսակցության բովանդակությունն ընդունելը լրիվ այլ բան է: Այո, պարոն Չարչյանը ձերբակալման արձանագրությանը երբ որ ծանոթացանք և համապատասխան մեր հայտարարությունն անում էինք, մենք, այո, ասացինք, որ համապատասխան աշխատակիցների հետ զրույց ենք ունեցել, և դրանում որևէ տարակուսելի բան չկա: Որպես գործատու, որպես հեղինակավոր բժիշկ` միշտ էլ այդ հանդիպումները, այդ զրույցները եղել են ու լինելու են, հետևաբար այստեղ մեկնաբանել այնպես, որ պարոն Չարչյանն ընդունել է հենց այդ խոսակցության բովանդակությունը, կարծում եմ` արժանի մոտեցում չի և արդար չի», - ասում է Ալեքսանյանը` շարունակելով.

«Վերցրել են ինչ-որ անհայտ աղբյուրից, հիման վրա ոչ միայն քրեական գործ են հարուցել, ինչն արդեն իսկ անօրինական է, մի հատ էլ քրեական հետապնդում են իրականացնում, և ամենազավեշտալին գիտեք` ինչում է կայանում, վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել դատաձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին, և թիվս այլ հարցերի դուք գիտեք` ի՞նչ հարց է առաջադրել, թե արդյոք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է: Այսինքն` վարույթ իրականացնող մարմինն ունի անգամ կասկած, որ միգուցե այդ անձն Արմեն Չարչյանը չի, բայց հետևաբար, պարզ տրամաբանություն է, հիմա հարց է առաջանում չէ, բա ո՞նց եք քրեական հետապնդում իրականացնում և անձին ազատությունից զրկում»:

Մյուս փաստաբան Արամ Վարդևանյանն էլ հավելեց. «Բոլորն էլ, վստահեցնում եմ ձեզ, նույն Հատուկ քննչական ծառայության քննիչները գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է»:

Այսօրվա դատական նիստին ներկա չէին քննիչն ու դատախազը։

«Մարդիկ գիտեն, որ պրոֆեսորն առողջական խնդիր ունի, իրենց հորինած մեղադրանքով տարել են, ՁՊՎ պահում են, մի հատ էլ ուզում էին այսօրվա նիստը տապալել», - հայտարարեց Վարդևանյանը: