Երեկ վաղ առավոտյան ադրբեջանցի զինծառայողները գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և հորթը, հաղորդում է օմբուդսմենը

Օմբուդսմեն Արման Թաթոյանը զրուցում է սահմանին ծառայող զինվորների հետ, արխիվ

Երեկ առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում ադրբեջանական զինծառայողները գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Ըստ Արման Թաթոյանի՝ հովիվն արթնացել ու նկատել է, որ ադրբեջանցի 9 զինված զինծառայողներ կովին և հորթին քշում են դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են հետ բերել կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել հովիվների կողմը: Սակայն ադրբեջանցիները կրակել են կենդանիների ուղղությամբ և վնասելով կովի ոտքը` թույլ չեն տվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ են արձակվել նաև հովիվների ուղղությամբ, փոխանցում է օմբուդսմենը:

Նշելով, որ ադրբեջանցիներն այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ և այլ գյուղեր), Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը եզրակացնում է. - «Հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է՝ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն»: