Հայտնի դարձավ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ անցած առաջին թիմը: Աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Իտալիայի հավաքականը, երեկ Հռոմում 3:0 հաշվով առավելության հասնելով Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ, 6 հնարավորից նույնքան միավորով դարձավ A խմբի միանձնյա առաջատարը և անկախ խմբային փուլի վերջին հանդիպումից՝ ապահովեց իր մասնակցությունը հաջորդ փուլին:
Նույն խմբում 4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ուելսի հավաքականը, որը չորեքշաբթի օրը Բաքվում 2:0 հաշվով հաղթեց Թուրքիայի թիմին: Թուրքերը երկու հանդիպումից հետո միավոր չունեն և խմբում վերջինն են՝ հաջորդ փուլ դուրս գալու շատ փոքր շանսերով:
Խմբում երրորդը Շվեյցարիայի հավաքականն է՝ 1 միավորով:
A խմբի վերջին տուրում հունիսի 20-ին կկայանան Իտալիա-Ուելս, Շվեյցարիա-Թուրքիա հանդիպումները` համապատասխանաբար Հռոմում և Բաքվում:
Մրցաշարի նոր կարգի համաձայն՝ 1/8 եզրափակիչ են դուրս գալիս ոչ միայն 6 խմբերում առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերը, այլև երրորդ տեղերը գրաված հավաքականներից 4-ը՝ ըստ միավորների և այլ արդյունքների: