Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազարկման։
2018-ի հեղափոխությունից հետո ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվելուց հետո Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Չեխիայում՝ ներկայացնելով Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ։
Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը մեղադրվում է անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցներ պահելու և հետագայում այլ վայր փոխադրելու համար։ Սարգսյանը կալանքի տակ է։
Սարգսյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը և խնդրել դատավարությունն արագացված անցկացնել՝ առանց վկաների հարցաքննությունների, ապացույցների ուսումնասիրության։
«Ազատության» հետ զրույցում պաշտպան Արթուր Պիվազյանն ասաց՝ բողոքարկելու են վճիռը վերաքննիչ ատյան։ Փաստաբանը պնդում է, որ բողոքարկման հիմքերից մեկն այն է, որ Չեխիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սարգսյանին Հայաստանի քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք արտահանձնումից հետո փոփոխվեցին, իր պաշտպանյալին նոր մեղադրանք առաջադրվեց լրիվ այլ հոդվածներով։
Փաստաբանը այս հարցում վկայակոչում է արտահանձնման մասին միջազգային փաստաթղթերը և նշում, որ Սարգսյանին արտահանձնելուց հետո Հայաստանի գլխավոր դատախազությունը պետք է հարցներ Չեխիայի իշխանություններին՝ համաձա՞յն է, որ փոփոխվի Սարգսյանին մեղադրանքը, թե՞՝ չէ։
Պիվազյանի խոսքով՝ եթե այսօրվա դատավճիռն ուժի մեջ մտնի, ապա Նարեկ Սարգսյանը կդատապարտվի ոչ թե 5 տարի 6 ամիս, այլ 3 տարի և 6 ամիս ժամկետով, քանի որ մնացած հատվածը նա արդեն գտնվել է անազատության մեջ։