Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Հարավային Կովկասում կայունությունը ծայրաստիճան կարևոր է տարածաշրջանի ժողովուրդների համար, կայունության հաստատումը բարգավաճում կբերի տարածաշրջանին, և օգուտներ կստանա հատկապես Հայաստանն ու հայ ժողովուրդը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային համագործակցությունից դուրս մնացած Հայաստանը պետք է դասեր քաղի ընթացող պրոցեսներից։
«Հայաստանը երկար տարիներ սրել է հարաբերությունները հարևան երկրների հետ, մեկուսացվել է համագործակցությունից, և այդ ամենը՝ սեփական սխալների պատճառով», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։
Չավուշօղլուն Հարավային Կովկասին, Հայաստանին անդրադարձել է այսօրվա մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր Անթալիայի դիվանագիտական համաժողովին ընդառաջ։ Անթալիայի դիվանագիտական համաժողովն անցկացվելու է հունիսի 18-20-ը։ Համաժողովում քննարկվելու է նաև Հարավային Կովկասի իրավիճակը:
Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանի ներկայացուցիչները ևս հրավիրվել են մասնակցելու Անթալիայի դիվանագիտական համաժողովին։
Ադրբեջանի մասին նա ասել է, թե Բաքուն երկար տարիներ համբերում էր՝ փորձելով հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Պատերազմի արդյունքում, որը շարունակվեց ավելի քան 40 օր, Ադրբեջանը հասավ իր տարածքների ազատագրմանը օկուպացիայից, նշել է Չավուշօղլուն: Բոլոր երկրները պետք է հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսօրվա ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։