Թեհմինա Վարդանյան. «Նրանք, որ ինձ հետ քննադատում էին Տարոն Մարգարյանին, այսօր հասել են աթոռներին և լռում են»

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը համոզմունք ունի` իրենք բոլոր նախադրյալներն ու ամբողջ պոտենցիալն ունեն` ձևավորելու կառավարություն: Ասում է` ՀՀԿ-ն, որը դաշինքում է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ, սխալներ արել է, սակայն դրանք ճակատագրական չեն եղել:

Վարդանյանը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ էր և ներկայացնում էր Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը: Խմբակցությունն ու կուսակցությունը լքելու որոշման մասին նա հայտարարեց նախորդ հունիսին: Իր որոշման մասին Վարդանյանը ևս խոսում է:

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանն է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Վարդանյանն ասում է` սկզբունքները չի փոխել

Մի շարք օգտատերեր հարցնում էին այլ քաղաքական ուժին միանալու իր որոշման մասին, արդյոք կարելի է կայուն համարել այն մարդուն, ով ճամբարափոխ է լինում:

Թեհմինա Վարդանյանն ասում է. «Ամենևին իմ որևէ սկզբունք չի փոխվել, որևէ հայացք չի փոխվել, որևէ տեսակետ չի փոխվել, և ես ինչպես պայքարել եմ անարդարության ու անազնվության դեմ, նույնը շարունակում եմ անել այսօր, անկախ նրանից, ով է լինելու վաղը իշխանության, այդ թվում` եթե մենք գանք իշխանության, իսկ մենք բոլոր նախադրյալներն ունենք հավակնելու, ես նույն երևույթները շարունակաբար քննադատելու եմ: Իմ որևէ սկզբունք չի փոխվել»:

Նախընտրական քարոզարշավի բառապաշարի մասին խոսելով` ասում է. «Այդ լեքսիկոնը ՀՀ է ներմուծել դեռևս պաշտոնավարող ստահակն ու կապիտուլյանտը, որովհետև ես 2018 թվականից առաջ նմանօրինակ ատելություն սկսած սոցցանցերից չեմ տեսել»:

Տարոն Մարգարյանին ու ՀՀԿ-ին քննադատելու մասին

Մեկ այլ հարցին, թե նախկինում քննադատել է հենց հանրապետական նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այդ թիմին, ինչպե՞ս են հիմա համագործակցում, արձագանքում է. «Այո ես քննադատել եմ, պատրաստ եմ յուրաքանչյուր վայրկյան քննադատել այն երևույթները, որոնց մասին ունեցել եմ հստակ կարծիքներ, բայց ժամանակը ցույց տվեց, որ եթե Տարոն Մարգարյանի քաղաքապետության ժամանակ մենք բողոքում էինք խնդիրներից, որը թերևս փոքր էր, այսօր այդ խնդիրներն ահռելի են դարձել: Այն ժամանակ եթե փողոցում քայլում էինք, նկատում էինք ինչ-որ մեկին փողոցում առևտրով զբաղվելիս, բարձրաձայնում էինք, հիմա իմ սկզբունքները չեն փոխվել… Տարոն Մարգարյանի փոշու ամպերը և այլն, հիմա խնդիրներն ահռելի են դարձել: Եվ այն մարդիկ, ովքեր ինձ հետ հավասար քննադատում էին նրան, այսօր լոնք են արել, ոչ թե քայլ, հասել են աթոռներին` կառավարություն և լռում են: Ուզում եմ հարց տալ` ո՞վ է սկզբունքնեըն փոխել` ե՞ս, թե՞ մնացածը»:

Կառավարություն ձևավորելու շանսեր, ըստ նրա, ունեն

Դաշինքի ներկայացուցիչը համաձայն չէ իրենց հաղթելու շանսերի հետ կապված հարցումներին, ըստ որոշների` իրենք 1 տոկոս հավաքելու հնարավորություն միայն ունեն: Ասում է` ժամանակը ցույց կտա, ճտերն աշնանն են հաշվում:

«Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին միանալուն, ամեն մարդ ընտրում է իր արժեքներին, իր տեսլականին ավելի համարժեք քաղաքական ուժ, և ես արդեն ընտրել եմ, կարիք չկա կողքից խորհուրդ տալու, ես ընտրել եմ այն, ինչ ընտրել եմ, գոհ եմ իմ ընտրությունից»:

Հարցին` քանի՞ տոկոսի քվե են ակնկալում, կոնկրետ թիվ չի ասում, հավելում է. «Մարդիկ դուրս են եկել հետհեղափոխական էյֆորիայից ու հետպատերազմյան թմբիրից ու բավականին սթափ վիճակում են գտնվում: Փաշինյանն` այդ կապիտուլյանտն ամենևին չունի վստահություն մարզերում, ինչի մասին նա իրեն պատառոտում է, և պետք չէ թերագնահատել մարզերի բնակիչների տեղեկացվածությունը

Մենք բոլոր նախադրյալներն ու ամբողջ պոտենցիալն ունենք ձևավորելու կառավարություն` սկսած թիմից, վերջացրած գիտելիքներով, ոչ թե փաբից դուրս եկած ինչ-որ շայկայով, ովքեր եկան, ձևավորեցին կառավարություն և տապալեցին ամեն ինչ: Մենք ունենք ժողովրդի կողմից վստահություն ևս»:

ՀՀԿ-ի սխալները ճակատագրական չեն եղել. թեկնածու

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է` համաձայն է, որ ժողովուրդը 3 տարի առաջ մերժեց այն թիմին, որին ինքը հիմա միացել է:

«Այո, այդ թիմն ունեցել է իր սխալները, որոնք միանշանակ չեն եղել ճակատագրական, չեն եղել այն սխալները, որոնք գործում է գործող խեղկատակ կառավարությունը, և այդ գործողութոյւնների արդյունքում մենք հայրենիք չենք կորցրել: Եվ անկախ նրանից ես որ կուսակցությունից եմ, իմ կուսակցությունն առաջանայինը հայրենիքն է` բառիս լայն իմաստով», - շեշտում է «Պատիվ ունեմի» պատգամավորության թեկնածուն:

Ձայնագրությունն ակնհայտ պատռում է Փաշինյանի դեմքը. ավագանու անդամ

Ինչ վերաբերում է երրորդ նախագահ, Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի բառապաշարին, ապա Թեհմինա Վարդանյանն ասաց. «Մարդու նյարդերը կարող են տեղի տալ, Սերժ Սարգսյանը սովորական մարդ է` իր սովորական հույզերով և զգացմունքներով:

Մեր օրերում զուսպ մարդ լինելու համար պետք է շատ ջանք ու եռանդ թափել, պարոն Սարգսյանը սովորական մարդ է անկախ ամեն ինչից»:

Նա անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված հայտնի ձայնագրությանը. «Ձայնագրությունն ակնհայտ պատռում է Փաշինյանի դեմքը, որ այդ մարդն ինքն իրեն գժի ու անադեկվատի տեղ է դնում և տապալել է բանակցությունները»:

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.