Իսրայելում աշխատանքի անցավ նոր կառավարությունը՝ Նաֆտալի Բենետի գլխավորությամբ

Իսրայելի նոր վարչապետ Նաֆտալի Բենետ, հունիս, 2021թ.

Իսրայելում աշխատանքի է անցել Նաֆտալի Բենետի կազմած կոալիցիոն կառավարությունը՝ վերջ տալով Բենյամին Նեթանյահուի 12 տարվա պաշտոնավարմանը։

Քնեսեթը երեկ հավանություն է տվել նոր կառավարությանը՝ ձայների չնչին առավելությամբ՝ 60 կողմ, 59 դեմ։ Ավելի ուշ 49-ամյա Բենետը, ով առաջնորդում է ծայրահեղ ազգայնական «Յամինա» կուսակցությունը, ստանձնել է վարչապետի պաշտոնը։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Նաֆտալի Բենետի պաշտոնամուտը՝ ընդգծելով, որ իր վարչակազմը հաստատակամ է՝ աշխատել նրա հետ, և կշարունակի աջակցել Իսրայելի անվտանգությանը:

Իսրայելի վաղեմի հակառակորդ Իրանը, իր հերթին, հայտարարել է, թե չի ակնկալում, որ նոր վարչակազմը կփոխի Թել Ավիվի քաղաքականությունը արտաքին ու անվտանգության ոլորտներում։