Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի 12-ամյա պաշտոնավարումը մոտենում է ավարտին։ Անցած գիշեր ընդդիմադիր «Յեշ Ատիդ» («Ապագա կա») կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը պաշտոնապես տեղեկացրել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որ ընդդիմադիր մի շարք կուսակցությունների երկարատև բանակցություններից հետո հաջողվել է կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ պայմանավորվածությունների հանգել։
Լապիդի կուսակցությունից բացի նոր կառավարությունում ընդգրկվելու են միլիոնատեր Նաֆթալի Բենեթի հիմնադրած ծայրահեղ աջ «Յամինա» կուսակցությունը, արաբական ծագում ունեցող Իսրայելի քաղաքացիների շահերը ներկայացնող ՌԱԱՄ-ը՝ «Միասնական արաբական ցուցակը», և մի շարք այլ մանր կուսակցություններ։
Կողմերը պայմանավորվել են, որ կառավարության ղեկավարումն իրականացվելու է ռոտացիոն սկզբունքի հիման վրա։ Առաջիկա երկու տարիներին կառավարությունը ղեկավարելու է Նաֆթալի Բենեթը, 2023-ին նրան վարչապետի պաշտոնում կփոխարինի Յաիր Լապիդը։