Չինաստանը դատապարտում է «Մեծ յոթնյակի» հայտարարությունը

Միացյալ Թագավորություն - «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցները, Կարբիս Բեյ, 11-ը հունիսի, 2021թ.

Չինաստանը դատապարտել է «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդների երեկվա համատեղ հայտարարությունը՝ այն որակելով կոպիտ միջամտություն երկրի ներքին գործերին:

Պեկինի դժգոհության առիթը հայտարարության այն կետն է, որով «Յոթնյակի» անդամները քննադատել են Չինաստանին Սինցզյանում և Հոնկոնգում փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների և մարդու իրավունքները ոտնահարելու համար։

Չինաստանն ի պատասխան հայտարարել է, թե «Մեծ յոթնյակը»՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան և Կանադան, պետք է կառուցողական ճանապարհ որդեգրի և ավելին անի՝ նպաստելու միջազգային համագործակցությանը, ոչ թե առճակատմանը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, անդրադառնալով քննադատություններին, այսօր հայտարարել է՝ Չինաստանի դեպքում որևէ մեկը չի ուզում գնալ նոր «սառը պատերազմի»։