Չենք բացառում դաշինքը Ռոբերտ Քոչարյանի հետ. Դավիթ Հարությունյան 

Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքը չի բացառում կոալիցիան Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի հետ՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Միևնույն ժամանակ, Հարությունյանը բացառեց կոալիցիան Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» հետ։

«Ազատություն». - Ակնհայտ է, որ ընտրություններից հետո չկա այդպիսի քաղաքական ուժ, որ միայնակ մեծամասնություն կաստանա նոր Ազգային ժողովում, կարծես բոլորն են կիսում այս կարծիքը: Միևնույն ժամանակ և՛ Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծես բացառում են դաշինքը Նիկոլ Փաշինյանի հետ, նաև Ձեր խոսքերը նոր հնչեցրած, արդյոք նշանակո՞ւմ են, որ այս ամենի ֆոնին չեք բացառում, որ նոր խորհրդարանում դաշինք կկազմեք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հարությունյան. - Իհարկե, չենք բացառում, որ դաշինքներ կարող են ստեղծվել, բայց դաշինքների մասին պետք է խոսել երևի ընտրություններից հետո: Մի բան ակնհայտ է, որ իսկապես բոլոր խոհեմ ուժերը շատ հստակ հայտարարել են, որ որևէ համագործակցություն չի կարող լինեն Փաշինյանի ղեկավարած ուժի հետ: Ակնհայտ է, որովհետև նրանք քաղաքականությամբ չեն զբաղվել:

«Ազատություն». - Ես ուզում եմ հստակեցնել՝ չե՞ք բացառում, որ դաշինք կկազմեք Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ:

Հարությունյան. - Այո, չենք բացառում:

«Ազատություն». - Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ մենք դաշինք, կոալիցիա կկազմենք նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հետ կամ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ, պայմանով, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը որևէ պաշտոն նոր իշխանությունում չեն զբաղեցնի: Սա ընդունելի տարբերա՞կ է ձեզ համար, օրինակ, «Պատիվ ունեմ» դաշինքը կհամաձայնի՞ կոալիցի կազմել Փաշինյանի գլխավորած ուժի հետ, բայց պայմանով, որ Փաշինյանը չլինի նոր իշխանությունում:

Հարությունյան. - Մեկ անգամ ևս նշեմ, որ այդ ուժի հետ, որը քաղաքականությամբ երբևէ չի զբաղվել, զբաղվել է ավելի շատ ստախոսությամբ և աճպարարությամբ որևէ դաշինքի մասին խոսք լինել չի կարող որևէ պայմանում:

«Ազատություն». - Հետևաբար, ձեզ համար ընդունելի է՝ Ռոբերտ Քոչարյան-վարչապետ տարբերակը:

Հարությունյան. - Ես կնախընտրեի այս պահին նման քննարկումից զերծ մնալ մի պատճառով, արդեն նշեցի, թե ում հետ մենք 100 տոկոսով որևէ դաշինք չենք կազմի, բայց ում հետ կկազմենք դաշինք, դա պարզ կլինի ընտրությունների արդյունքում:

Հիշեցնենք, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բնութագրմամբ` Նիկոլ Փաշինյանը ազգակործան պատուհաս է, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է Փաշինյանին դավաճանության մեջ, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նրան կոչում է կապիտուլյանտ։ Հարց է առաջանում՝ նման պարագայում ինչո՞ւ չմիավորվեցին՝ ընդդեմ Փաշինյանի, չէ՞ որ առանձին-առանձին բաժանում են Փաշինյանին ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները։

Հարությունյան. - Նախ նշեմ, որ իրականում Փաշինյանի հեռացումն ինքնանպատակ չէ, ավելին, այսպես ասեմ, նպատակը երկրի զարգացումն է, անվտանգ զարգացումը և Փաշինյանի հեռացումն ընդամենը անհրաժեշտ պայմաններից է: Այսինքն՝ բոլոր երեք ուժերը համարում են, որ Փաշինյանի առկայության պարագայում մեր երկիրը կործանվել է, և այստեղ միասնական է դիրքորոշումը: Զարգացման հետ կապված երկրի կան որոշակի տարբերություններ, ավելի մեծ տարբերություններ են առաջին նախագահի մյուս երկու նախագահների հետ, երկրորդ և երրորդ նախագահների մոտ ևս, բնականաբար, կան տարբեր մոտեցումներ երկրի զարգացման հետ կապված, սակայն դրանք չեմ կարող ասել, որ արմատական տարբերություններ են:

«Ազատություն». - Այդ պարագայում արդյոք նպատակահարմար չէ՞ր կանգնեցնել կամ կասեցնել երկրի կործանումը և միավորվել:

Հարությունյան. - Ոչ, ռեալ պոլիտիկի տեսակետից, երբ դու ունես, այնուամենայնիվ, զարգացման ուղիների հետ կապված որոշակի տարբեր մոտեցումներ, սա կարծում եմ ոչ նպատակահարմար է: Ես կարծում եմ, որ դա թյուր պատկերացում է, որ դրանով մեր ընտրազանգվածը փոշիանում է: Մեր ընտրազանգվածը չի փոշիանում, դա շատ լուրջ ընտրազանգված է, որը պաշտպանում է մի խումբը երրորդ նախագահի մոտեցումները, մի խումբը երկրորդ նախագահի և վստահ եմ՝ բավականին մեծ խումբ էլ նաև՝ առաջին նախագահի մոտեցումները: