Չավուշօղլուի հավաստմամբ՝ ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցել նաև Կովկասում

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի պնդմամբ՝ կան մի շարք տարածաշրջաններ, որտեղ պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում է համագործակցություն ծավալել Անկարայի հետ։

«ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցել ոչ միայն Լիբիայում և Սիրիայում, այլև մի շարք այլ տարածաշրջաններում՝ մասնավորաբար Միջերկրականի և Սև ծովի ավազաններում ու Կովկասում», - թուրքական պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Չավուշօղլուն։

Խոսելով նախագահներ Բայդենի և Էրդողանի՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին, թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Անկարան այդ բանակցություններին է մոտենում «դրական օրակարգով»։

«Մենք Վաշինգտոնից ևս նմանատիպ ազդակներ ենք ստանում»՝-հայտարարել է Չավուշօղլուն։

Երեկ երեկոյան հեռարձակված հարցազրույցում թուրքական ԱԳՆ ղեկավարը մեկ անգամ ևս վերահաստատել է ռուսական արտադրության C-400 (S-400) համակարգերի ձեռքբերման հարցում Անկարայի՝ նախկինում արտահայտած տեսակետը։ «Եթե Միացյալ Նահանգները հրաժարվում է մեզ վաճառել հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը, մենք պետք է նմանատիպ սպառազինություն գնենք մեր մյուս դաշնակիցներից», - հայտարարել է Չավուշօղլուն։