Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարը հայտարարում է, թե Հարավային Կովկասում ամուր խաղաղության հիմքեր են ստեղծվում: Ռազմաքաղաքաան դաշինքի գլխավոր քարտուղարն այդ մասին խոսել է երեկ` շատ ավելի ընդարձակ աշխարհագրություն և պատմություն ունեցող մեկ այլ կազմակերպության` ԵԱՀԿ֊ի խորհրդաժողովի ժամանակ:
«Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո` անցած 6 ամիսների ընթացքում, նկատվում են դրական տեղաշարժեր` իրավիճակի կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Ստանիսլավ Զասը՝ հատուկ ընդգծելով, որ այդ արդյունքին հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունների միջոցով: «Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորումը վերսկսելու` միջազգային բանակցողների ջանքերը հիմք են ստեղծում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Իրավիճակը տեղում աստիճանաբար կայունանում է: Կարևորն այն է, որ այլևս չեն կրակում», - ասել է նա:
Խոսելով ՀԱՊԿ ազդեցության գոտում առկա մարտահրավերների մասին` Զասը անդրադարձել է նաև հայ֊ադրբեջանական սահմանին, որտեղ լարվածությունը չի մարում շուրջ մեկ ամիս:
Մայիսի 12 -ից հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ մի քանի կիլոմետր խորացել են Հայաստանի տարածքում`Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով: Մեկ ամիս առաջ դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Երևանը դիմել էր կազմակերպությանը` իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ խորհրդակցություններ սկսելու և համատեղ գործողությունների պլան կազմելու համար: Մինչ օրս, սակայն, ՀԱՊԿ֊ից հրապարակային պատասխան չի տրվել:
Ինքը`գլխավոր քարտուղարը, երեկ հայտարարել է, թե ռազմաքաղաքական դաշինքը շարունակում է հետևել հայ-ադրբեջանական սահմանի, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ շրջանների իրադրությանը:
«Մենք ողջունում ենք պետական սահմանի գծման ու անցկացման հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու` կողմերի մտադրությունը: Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար», - ասել է Ստանիսլավ Զասը՝ միաժամանակ հավելելով, որ իրավիճակը կարող է և զարգանալ տրամագծորեն հակառակ սցենարով: «Իրադրության սրման վտանգները դեռ պահպանվում են», - նշել է նա:
Զասը, սակայն, չի հստակեցրել` ինչ քայլեր է անելու կազմակերպությունը սրացման դեպքում, կամ` կա՞ արդյոք որևէ գործողությունների ծրագիր կամ տարբերակ` արդեն մոտ մեկ ամիս Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զորքը ետ քաշելու և տեղից գերեվարված վեց հայ զինծառայողներին վերադարձնելու համար: