Այսօր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները` Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպում ունեցան պատերազմի մասնակից մի քանի տասնյակ մարդկանց հետ: Այս հանդիպմանը նրանց հետ մասնակցում էր նաև Պերճ Ավետիսյանը, որը պատերազմի մասնակից լինելուց հետո երկու ամիս գերի է եղել Ադրբեջանում, ապա վերադարձել է Հայաստան: Նա ևս ընդգրկված է ՀԱԿ-ի ընտրական ցուցակում:
«Պերճ Ավետիսյանը գնացել է և կռվել է այս պատերազմի ժամանակ, կռվել է քաջաբար», - ներկայացրեց Զուրաբյանը:
Պերճ Ավետիսյանն անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե այժմ Բաքվում գերի գտնվող տղաները կներեն իրենց այնտեղ ևս երկու ամիս անցկացնելու համար, քանի որ գերիների դիմաց Հայաստանից անհամաչափ զիջումներ են պահանջում, փորձում են նման պայմաններ պարտադրել ՀՀ-ին: Ըստ Փաշինյանի` այս մարդիկ Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար: Պերճ Ավետիսյանն անթույլատրելի համարեց վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունը:
«Երբ մարդ գերության մեջ է լինում, գիշերը քնում է, մի պահ է գալիս, որ նա ցանկանում է առավոտյան չարթնանալ, որպեսզի այդ դժվարությունները այլևս ինքը չնկատի: Պատերազմ անցած, մանավանդ գերության մեջ ընկած մարդու նկատմամբ այդպիսի արտահայտություն երբեք չի կարելի անել», - ասաց նա:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ այս ընտրություններն իրենք համարում են պետականության փրկության համար գործողություն, բացատրեց, թե ինչ կապ է տեսնում պատերազմի և ընտրությունների միջև, թե ինչու են առհասարակ քարոզարշավի ժամանակ այսպիսի հանդիպում կազմակերպել: Նա ասաց, որ եթե պատերազմ չլիներ, փաստորեն չէին լինի նաև այս ընտրությունները, և այդ առումով կարևորեց այս հանդիպումը:
ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ էր ունենում նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում` իրենց հետ: Ինքը ևս ներկա է եղել նման մի հանդիպման: Հիշեցրեց, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվում էր, թե ինչպես ստացվեց, որ ՀՅԴ-ն այնտեղ 3 ջոկատ ունի, իսկ «Սասնա ծռերը» բողոքում էր, թե իրենց թույլ չեն տալիս ջոկատ ուղարկել պատերազմ: Զուրաբյանը նշեց` միգուցե 100 տարի առաջ նորմալ է համարվել, որ երբ չկար պետություն, ազգը չուներ պետություն, ստեղծվում էին տարբեր ինքնապաշտպանական ջոկատներ` տարբեր նպատակներով, բայց հիմա` 2020 թվականին, անթույլատրելի էր այդպիսի բանակ ունենալը: Նա հիշեցրեց նաև, որ 93 թվականին` արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, կամավորները ջոկատներով չէին մեկնում պատերազմի դաշտ, այլ արդեն բանակի միջոցով էին մեկնում: Նա ցավալի համարեց նաև Փաշինյանի այն կոչը, որով նա կամավորներին խնդրում և դիմում էր մեկնել պատերազմի ճակատ:
Ըստ Զուրաբյանի և Արամ Մանուկյանի` արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը կռվեց փայլուն, խիզախ, նույնիսկ օգտագործեցին Փաշինյանի և նրա աջակիցների բառը` «ժողովուրդը կռվեց դուխով», բայց ինչպես նշեցին, ոչ մի ժողովուրդ չի կարող հաղթել, եթե չկա պետություն, որը կանգնած էր այդ ժողովրդին. «Մեր պետությունը, մեր այսօրվա պետական իշխանություններն ուղղակի հայտնվել են անօգնականության մի հատ ճահճի մեջ, մեզ էլ այդ ճահճի մեջ են տանում»:
Պատերազմի մասնակիցները տարբեր դրվագներ պատմեցին: Նրանց խոսքով` 44-օրյա պատերազմը չափազանց անկազմակեր էր: Որոշները նույնիսկ նշեցին, որ հայկական բանակն իսկապես պատրաստված չէր նման պատերազմի, իրենք տեղում հայտնաբերել են իրենց և իրենց մարտական ընկերների` տարիների առաջ` դեռ 90-ականներին փորած խրամատները: Հանդիպմանը ներկա պատերազմի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ինքը շուրջ 25 օր ռազմադաշտում լինելով`զինկոմիսարիատ ներկայանալու զանգ է ստացել: