Բացարձակ անհրաժեշտ է ԱԺ-ում ունենալ արևմտյան, եվրոպական արժեքներ կրող որևէ քաղաքական ուժ․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան

Նախընտրական քարոզարշավի 2-րդ օրը «Հանրապետություն» կուսակցությունը Էջմիածին քաղաքից սկսեց հանդիպումները։

Կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը համոզված է, որ հաղթելու համար ունեն բոլոր հնարավորությունները թե՛ անցած ճանապարհով, թե՛ ունեցած հետագծով, արմատներով ու ազգանունով։

«Բացարձակ անհրաժեշտ է ցանկացած պարագայում Ազգային ժողովում ունենալ արևմտյան, եվրոպական արժեքներ կրող որևէ քաղաքական ուժ, որովհետև միայն ռուսական շահը պաշտպանող քաղաքական ուժերի ներկայությունը ցանկացած իշխանության համար, նույնիսկ ամենառուսականի համար ձեռնտու չի, որովհետև ինքը բանակցելու, բալանսավորելու տեղ չունի», - նշեց նա։

«Հանրապետություն» կուսակցությունում համարում են, որ Հայաստանի անվտանգությունը ամրացնելու համար պետք է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հետ, իսկ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված բարդ իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու համար պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Գերիների, սահմանների խախտման և տարանցիկ ճանապարհների խնդիրը պետք է լուծվի ո՛չ թե Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, այլ ՄԱԿ-ում։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա, Արամ Սարգսյանի խոսքով, քանի դեռ Մինսկի խմբի երեք անդամ երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ասում են, որ Արցախի կարգավիճակը լուծված չէ, պետք է օգտվել այդ առավելությունից․ - «Երեք եռանախագահողի հետ էլ պետք է քրտնաջան աշխատենք։ Պիտի ավելին աշխատենք նաև Ռուսաստանի հետ, Ռուսաստանի ուղղությամբ աշխատենք նաև այլ երկրների միջոցով Ռուսաստանի բարեկամ, ասենք՝ Չինաստանով, Հնդկաստանով, Սիրիայով պիտի փորձենք աշխատել։ Բայց ես հասկանում եմ նաև, որ Ռուսաստանին էլ Մինսկի խումբը անհրաժեշտ է, որովհետև դա միակ հարթակն է, որտեղ ինքը Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հստակ շփման հնարավորություններ ունի, և միակ հարթակն է, որտեղ կարող է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտուր անել։ Հակառակ պարագաներում էդ առևտրի հնարավորությունը ամբողջությամբ էս պատերազմով կորսվեց։ Իսկ մեր հետ առևտուր անելու ոչինչ չկա։ Եթե մենք ՄԱԿ չենք դիմում, մենք դառնում ենք Ռուսաստանի գրպանը դրված, և մեր անկախությունը թողած մի կողմ, մեր հետ բոլորը սկսում են շփվել Ռուսաստանի միջոցով»։

Պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի պայմաններում, Արամ Սարգսյանի կարծիքով, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմող քաղաքական ուժ չի լինի, և կոալիցիաներ կձևավորվեն։ Իրենք ունեն հստակ որոշում՝ դաշինք կկազմեն արևմտյան արժեքներ դավանող կուսակցությունների հետ միայն։ Այդպիսի ուժեր քիչ, բայց կան, ասում է՝ առանց անուններ տալու։

Մինչ այդ ակտիվ քարոզարշավ կիրականցնեն՝ առանց մյուս ուժերին հայհոյելու, առանց բանավեճի մեջ մտնելու։ - «Ես ասում եմ 42 հանքն էլ պիտի աշխատեցնեմ, հենց եկա, հաջորդ օրն էլ աշխատացնելու եմ։ Ու չեմ ասելու՝ էս հանքը քեզ որտեղից․․․ Ես ասելու եմ՝ ախպեր ջան, ինչո՞վ օգնեմ, որ աշխատես։ Ինքը որ աշխատեցնում ա, էդտեղ հարյուրավոր մարդիկ են աշխատում։ Ստացված կոնցենտրատը մշակողները հազարավորներ են, ապահովող նյութերը՝ տասնյակ հազարավորներ են։ Այդտեղից եկած փողը վերցնելու եմ դնեմ գիտության մեջ, դնելու եմ բանակի, սպառազինության մեջ, որ գոնե մի երեք տարի հետո մեր վրա հարձակվողը հասկանա, որ հարձակվելու դեպքում մի 15-20 հազար զոհ կունենա»։ «Հանրապետության» անդամները բնակիչներին նաև բուկլետներ էին բաժանվում, որոնց ներքևի մասում հատուկ տեղ է առանձնացված քաղաքացիների կողմից առաջարկություններ ներկայացնելու և դրանք շրջիկ շտաբերում գտնվող արկղերի մեջ գցելու համար։ Այդպիսիք արդեն կան․ հումորային՝ զոքանչին ու վատ հարևանին ուղղված դժգոհություններից մինչև ամենալուրջ առաջարկներ։