Ընտրություններից հետո լինելու են քաղաքական և քաղաքացիական վենդետաներ։ Քարոզարշավի երկրորդ օրը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով՝ տեղեկություն ունի, թե որոշ հիմնարկների, համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակները օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների։
Փաշինյանը խոստացավ՝ այդպիսի ղեկավարները կենթարկվեն ամենադաժան վենդետաների՝ ոչ ֆիզիկական. «Այդ համայնքների ղեկավարները, կարճ ասած, ռադ են ըլնելու, և այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ: Եվ դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ, և դուք կտեսնեք քաղաքացիական վենդետաներ, և դուք կտեսնեք կադրային ջարդուփշուր, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ով, ժողովրդի ներողամտությունից օգտվելով, երեք տարի գործել են ժողովրդի դեմ։ Բոլորին հատ-հատ վզներից բռնած անձամբ դուրս եմ շպրտելու պետական կառավարման համակարգից։ Եվ ուրեմն, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նախկինների թեման շոշափվեց գրեթե բոլոր համայնքներում և քաղաքներում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրայանի դուելի հրավերին այսօր Փաշինյանn արձագանքեց հետևյալ կերպ. «Հանկարծ ասեմ` ընդունում եմ, զենքի տեսակն էլ ընդունում եմ, կանչում եմ այստեղ, ճակատից շարում եմ, պիտի ասեք` բռնությո՞ւն է, պիտի ասեք` բռնությո՞ւն է, այ մարդասպաններ»:
Օրակարգի թիվ մեկ հարցը Հայաստանի անվտանգության և Արցախի հիմնահարցն էր։ Հիշեցրեց իր առաջարկած լուծումները, համեմատականներ տարավ անցյալի հետ ու վերջում պնդեց, թե հիմա Արցախի հարցը շատ ավելի լուծելի է, քան 4 տարի առաջ, թե ինչպես, Փաշինյանն ասաց՝ փակագծեր դեռ չի կարող բացել:
Խոսեց նաև գերիների վերադարձի մասին՝ խմբագրելով երեկ Արմավիրում ասածը. Փաշինյանն ասել էր, թե գերիները կներեն իշխանություններին մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձը, բայց Հայաստանի շահերից անհամաչափ զիջումները չեն ների: Այսօր էլ ավելացրեց, որ եթե անգամ նրանք վերադառնային երկու ամիս առաջ, միևնույն է` ուշացած է։
Ապարանում, սակայն, Փաշինյանը մեջբերեց երրորդ նախագահի խոսքերը, որը իր պնդմամբ՝ առաջարկել էր բոլոր գերիներին փոխարինել իր որդով՝ Աշոտով։ Սերժ Սարգսյանին վիրավորական արտահայտություններով դիմելուց հետո Փաշինյանը շոկային առաջարկ արեց. «Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, պաշտոնապես ասում եմ, որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց: Ե՛վ Սերժիկ, և՛ Քոչարյան, որպես մարդ առնել-ծախելու մասնագետներ` ձեզ լիազորում եմ բանակցել այս գործով, մեջը մի քանի հազար դոլար որ աշխատեք, կարծում եմ` ձեր լափամանին շատ պատեհ ավելցուկ կլինի»:
Արագածավանը Փաշինյանի առաջին կանգնառն էր այս մարզում։ Խոսքն այստեղ սկսեց աստվածաշնչյան սաղմոսներով, Հայաստանն էլ համեմատեց դրախտի հետ, իհարկե անմշակ. «Մենք իրականում դրախտում ենք ապրում, բայց մենք ի վիճակի չենք եղել և չենք մինչ այսօր մեր դրախտը վայելել»:
Իշխանությունը ամեն գնով պահել ենք ոչ թե մեզ համար, այլ ձեզ համար, վարչապետը դիմեց հավաքվածներին՝ ակնկալելով, որ կստանա ընտրողների ձայների առնվազն 60 տոկոսը՝ երկիրը միասին դրախտավայր դարձնելու համար։
Համայնքներում, քաղաքներում Փաշինյանին դիմավորեցին ծափողջյուններով, սելֆիներով, ոգևորությամբ։ Մի տեղ վարդի թերթիկներ, մյուսում՝ աղուհաց, գինի, անգամ գառ էին բերել, որը, բարեբախտաբար Փաշինյանի ձևակերպած` «եդեմական այգում» չզոհաբերվեց:
Արտենի համայնքում ևս անհամբեր սպասում էին Փաշինյանին։ Պատերազմն այս գյուղից 4 երիտասարդի կյանք է խլել, սակայն Փաշինյանին լսելու եկած մարդիկ պնդում էին՝ մեղավորը նախկիններն են, վերջին երկու տարիներին գյուղում ավելի շատ հարցեր են լուծվել, քան անցյալում. «Ես պապիկ եմ, զոհվածի պապիկ եմ ես, 3 ամիս է ընդամենը ծառայել թոռնիկս, զոհվել է Մարտունիի մոտերքում: Թոռնիկիս անունը Ռուբիկ Ալեքսանյան»:
Դիտարկմանը, որ շատ է խոսվում այն մասին, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, արձագանքեց. «Ես չեմ գտնում, որ Փաշինյանը պարտված ղեկավար է: Իրեն պարտված հանձնել են նախկինները, ամեն ինչը թալանել են, այդ մարդն եկել է իշխանության, 2 տարում էդքան ոչ մի բան չէր կարող անել»:
Ներկաներից մյուսն էլ ծրագրի մասին է խոսում. «Շատ լավ բաներ են գրված, գոնե ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, բժիշկների աշխատավարձը կբարձրանա, էս մեր հողագործությունը կբարելավվի»:
Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ասում են. «Այնուամենայնիվ, վերջը դուրս կգան էլի {ադրբեջանցիները}, չեն մնա: Իրենց ժամանակն էլ կգա, դուրս կգան»:
Փաշինյանը եղավ նաև Օշականում, Ծաղկահովիտում, Ալագյազում, Աշտարակում։ Եղան նաև չնախատեսված կանգառներ Եղնիկում, Վարդաբլուրում, Մելիք գյուղում, Դաշտադեմում։ Փողոցում հավաքվածները գինով, տնական օղիով դիմավորեցին Փաշինյանին, վերջինս էլ խոստացավ հաջորդ տարի Դաշտադեմում յախուշտայի փառատոն կազմակել։ Մշակութային խոստումն էլ ավարտվեց գրական զեղումներով.
«Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն,
Ուր պարտությունն անգամ ունի հպարտություն,
Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքով,
Ու այս կամքով
Պարել գիտի...»: