Քոչարյանը պնդում է` չի պատրաստվել հանձնել Մեղրին, նախկին պատգամավորը հակադարձում է

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Սյունիքից. հենց Ագարակում էլ «Դաշնակցություն» ու «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից կազմավորված դաշինքի վարչապետի թեկնածուն պնդեց, թե ինքը չի պատրաստվել հանձնել Մեղրին: Այդ պնդումները, ըստ Քոչարյանի, հակաքարոզչություն են իր նկատմամբ: Մեղրիի տարբերակի մասին իր հանդիպումներում վերջին օրերին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է խոսում։

«Որևէ միջանցք` որպես միջանցք, մենք չպետք է բանակցենք, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ քանի որ այդպիսի հետաքրքրություն կա, դա մեզ համար վտանգ է, բայց նաև դա հնարավորություն է այդ խաղաքարտը ուրիշ խաղացողների հետ միասին օգտագործել», - ասաց նա:

Հայաստանի երկրորդ նախագահը պատրաստվել է Մեղրին հանձնել Ադրբեջանին, արդեն Մեղրիում Քոչարյանին հակադարձեց 90-ականներին Մեղրու շրջխորհրդի գործկոմի նախագահ, 1999-ից 2003 թվականներին Կարեն Դեմիրճյանի ղեկավարած «Միասնության» դաշինքի պատգամավոր Գրիգոր Հարությունյանը: Ասաց` այսօրվա պես հիշում է, թե երբ, ով, ինչպես առաջարկեց այդ տարբերակը. «Վարդան Օսկանյանը տարբերակները ո՞նց էր առաջարկում, որ 1.5 կիլոմետր լայնությամբ տալիս են Ադրբեջանին, ինչի՞ մասին է խոսքը: Թե Քոչարյանն ինչ կասի, դա ինձ չի հետաքրքրում: Ամենակարևոր պահը` Ղարաբաղին դուրս թողեց բանակցություններից, և Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունը ինքը վերածեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի»:

Մինչ կմեկնարկեր «Հայաստան» դաշինքի հանդիպումը մեղրեցիների հետ, նախկին պատգամավորը նույնը նաև Քոչարյանի աջակիցներին էր բացատրում, բայց արժանացավ երկրորդ նախագահի համակիրների զայրույթին. «Հենց էս իշխանությունն է, որ քանդավ էս երկիրը: Իրենք են արել: Մեղրիում պանիրի գործարանը սեփականաշնորհավ, մի րոպե չաշխատավ սեփականաշնորհած իրենց ժամանակով, իրենք են սեփականաշնորհել, իրենք էն տիպի մարդիկ են, որ պիտի էս երկիրը քանդեն, իրենք եկել են դրա համար»:

«Հայաստան» դաշինքում հավատացած են՝ երկրում կարող է իրավիճակ փոխվել, իսկ այդ գործում որպես գլխավոր դերակատար իրենց են տեսնում: Վստահ են՝ գիտեն ինչպես անել ու գիտակցում են՝ ծանր բեռ են իրենց ուսերին վերցնում, բայց ոչ աթոռի համար, այլ հայրենիքի նկատմամբ ունեցած պարտավորության:

Անվտանգությունից մինչև ներդրումներ, զբոսաշրջություն, պատրաստ են փոխել, հայտարարում են դաշինքից. «Մենք մեր ամբողջ գործունեության ընթացքում լինելու ենք Սյունիքի կողքին, Սյունիքի հետ, ամբողջ Հայաստանի հետ, որովհետև Սյունիքը, ասել ենք և շարունակում ենք ասել, Հայաստանի դարպասն է և Հայաստանի ողնաշարը: Եթե այսօր մենք Սյունիքի ամեն մի սանտիմետրի համար կռիվ չտանք, չպայքարենք, չպաշտպանենք, վաղը այդ կռիվը տեղի է ունենալու Երևանի և Էջմիածնի մառույցներում»:

Այսօր Քոչարյանի առաջնորդած դաշինքը եղավ նաև Քաջարանում: Այստեղ է գտնվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի խորհրի անդամ է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, որը հիմա դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստանի» ղեկավարն է: Հենց գործարանի հարևանությամբ էլ տեղի ունեցավ քաղաքացիների հանդիպումը: Վերջում պարզվեց` հավաքվածների մի մասը գործարանի աշխատակից է: Հավաքի ավարտից հետո նրանք գնացին գործարանին պատկանող շենքի տարածք: Իրենք իրենց կամքո՞վ էին եկել, հարցին միանշանակ՝ այո պատասխանն էին տալիս աշխատակիցները. «Ես հավատում եմ, որ իր հետ կա ապագա»:

«Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի», - ասաց աշխատակիցներից մեկը` հավելելով, որ իր ցանկությամբ է եկել: